Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո էլ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները մտադիր են շարունակել իրենց պայքարը՝ հանուն կենտրոնի գործունեության։
Նրանք պնդում են ու նախարարին էլ ասել են, նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:
«Ծանոթ եմ բարձրացված հարցին, և պետք է հստակ արձանագրենք, որ քննարկումների առիթ դարձած տարածքը, որտեղ նախատեսվում են շինարարական աշխատանքներ, տարիներ առաջ վաճառվել է մասնավոր հատվածի»,-ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է Դումանյանը։
Հանդիպման մասնակից Կենտրոնի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը հանդիպման ավարտից հետո Panorama.am-ի հետ զրույցում ասաց, խնդրի լուծման համար կամք է հարկավոր։
«Կառավարության կողմից կամք է հարկավոր, օրինակ, կարող են ասել, սա հանրային գերակա շահ է, իրականում կենտրոնը ռազմավարական լուրջ օբյեկտ է ու Հայաստանի շահերից է բխում նման գիտական կենտրոն ունենալը։ Այս ինստիտուտը լուրջ ողնաշար է Հայաստանում քիմիայի համար։ Խնդիրը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, մենք ներկայացնում ենք խնդիրը, նախարարները նույնիսկ տեղյակ չեն դրա մասին։ Գիտնականներն ամեն ինչ թողած, ընկած փաստեր են հավաքում»,-ասաց Ռ. Հակոբյանը։
Կենտրոնի աշխատակիցները դիմել են նաև ՊՎԾ, ծառայությունը կետերով նշել է, թե ինչու կենտրոնի տարածքում չի կարելի շինարարություն անել։
«Բայց թե ինչու ադ փաստաթղթով չեն առաջնորդվում, չգիտենք։ Մենք ներդրողի հետ խնդիր չունենք, մեր խնդիրը կառավարության հետ է։ Այս հարցին վերջնական լուծում պետք է տալ, ոչ թե սառեցնել»,-ասաց երիտասարդ գիտնականը։
Ռ. Հակոբյանի խոսքով, նախատեսվող կառույցը լինելու է հենց գիտահետազոտական ինստիտուտի տարածքի սրտում։ Ըստ գիտաշխատողների, դրա շինարարությունը խոչընդոտելու է իրենց ինստիտուտի գործունեությանը։
«Նման ենթակառուցվածքներով գիտական կենտրոն Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կառուցել։ Սա շատ թանկ հաճույք, որը կառուցվել է խորհրդային տարիներին հատուկ պլանով։ Սա Հայաստանի համար անգին է կենտրոն է»,-ասաց նա։
Հանդիպման ժամանակ արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վահրամ Դումանյանը նշել է.
«Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և, մասնավորապես՝ օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն: Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»։
Կենտրոնի գիտաշխատողը պնդում է՝ շենքի կառուցմամբ գրվելու է ինստիտուտի մահախոսականը։
«2007 թվականին սխալ են արել, ապօրինություն են արել, թողնե՞նք այդպես մնա։ Կրկնում եմ՝ այս հարցի լուծման համար կամք է պետք»,-ընդգծեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը՝ գիտաշխատողներին. Ձեզ չթվա դուք ինձ պարտադրել եք այս հանդիպումը
- Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու
- Գիտական կենտրոնի գոյությունը վտանգված է
- Որ վաղը ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչներ ունենանք