Եզդի հերոսի մայրը, որ որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Դավիթ Գերակլի Այդոևի մայրը՝ տիկին Լալին, ով երեկ ավտովթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի։
«Վթարի հետևանքով նա ստացել է ողնաշարի բազմակի վնասվածքներ։ Այժմ նրան պատրաստում են վիրահատության։ Վիրահատությունը նախատեսված է վաղը»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ -ի հանրային կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը։
Ինչ վերաբերում է մամուլում հրապարկված այն տեղեկատվությանը, թե հերոսի մորը ԲԿ-ում չեն վիրահատում գումարի պատճառով, ապա Հունանյանի փոխանցմամբ, վճարի հետ կապված խնդիր է եղել ապահովագրական կազմակերպության հետ, բայց ԲԿ տնօրինության նախաձեռնությամբ գնվել են անհրաժեշտ իմպլանտները։
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արագածոտնի Սադունց գյուղում գտնվող իր միակ զավակի՝ Դավիթի գերեզմանից տուն վերադառնալու ճանապարհին՝ Ապարանի տարածքում տիկին Լալիին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել։
Տիկին Լալին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց։
«Նշենք, որ այս 9 ամսվա ընթացքում տիկին Լալին ենթարկվել է ողնաշարի մի շարք վիրահատությունների, այս վթարն էլ ավելացրեց ևս մեկ բարդ վիրահատություն։
Աստված առողջություն տա տիկին Լալիին։
Եզդի Դավիթը պատերազմի սկզբնական օրերին գրավում է թշնամու մի դիրք, որը նրա ընկերները անվանակոչում են Այդոևի դիրք։ Հաջորդ օրը Դավիթը անմահանում է՝ կյանքը տալով հանուն իր թանկագին ու սիրելի մոր և հայրենիքի պաշտպանության»,-պատմում է Սաիդ Ավդալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները