Աշոտ Մելիքյան. Նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որով քրեականացվում է վիրավորանքը, գրում է.
«Այսօր ԱԺ-ն քննարկեց և, ցավոք, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին «ծանր վիրավորանք« հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։
Ընդ որում՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե դա կատարվել է «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով», և եթե դա պայմանավորված է «անձի հանրային գործունեությամբ»։
Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է «ծանր վիրավորանք»-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ «անձի հանրային գործունեությամբ« պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես «ծանր վիրավորանք»։
Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։
Սիսակ Գաբրիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նազելի Բաղդասարյան, Վահագն Հովակիմյան և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գևորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137 հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը:
Որպես հանցակազմի տեսակ նախատեսվել է նշված արարքը, ինչպես նաև անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքները անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միևնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը: Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված օրենսդրական փաթեթը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
- Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք