ՀՀ դեսպանը ԵԱՀԿ-ում․ Ադրբեջանի զինված սադրանքները այդ երկրի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են
Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառված «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցի շուրջ ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Դեսպանը տեղեկացրել է հուլիսի 28-ին և 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված հարձակման մասին, ինչի արդյունքում Հայաստանի երեք զինծառայող զոհվել են, իսկ չորսը՝ վիրավոր:
«Դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի և այդ ընթացքում կատարված հանձագործությունների, արցախցիների նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունների, ներառյալ էթնիկական զտումների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների բացահայտ ոտնահարման առնչությամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսում է Ադրբեջանին շարունակել օգտագործել ուժի կիրառումը որպես արտաքին քաղաքականության հիմնական գործիք՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Այս համատեքստում դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական սադրանքը, որն էլ ավելի խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և որ իրավիճակի հետագա սրման համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ադրբեջանի զինված սադրանքները այդ երկրի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են: Այս համատեքստում դեսպան Պապիկյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցրած անհիմն և մտացածին տարածքային պահանջներին:
Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ափսոսանքով նկատեց, որ մինչ այս պահը ԵԱՀԿ գործող նախագահող՝ Շվեդիայի ԱԳ նախարարը չի անդրադարձել և չի դատապարտել անցած օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին:
Խոսելով Ադրբեջանում հայ ռազմագերիների հանդեպ տարբեր կեղծ մեղադրանքներով դատական գործերի և վճիռների մասին, դեսպն Պապիկյանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի այս քայլերը, որոնք հակասում են 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:
Դեսպան Պապիկյանը շեշտեց, որ Ադրբեջանը, անդադար ավելացնելով լարվածությունը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Արցախում, նպատակ ունի անվերջ հետաձգել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և, հեևաբար, նաև հակամարտության կայուն և հարատև խաղաղ կարգավորումը:
Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և շարունակելու է աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան