ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք օժանդակել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի նորմալացմանը՝ դեէսկալացիոն միջոցառումներով և սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկով
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը մեկնաբանություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք վերջին ժամանակներս ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածներում զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներն ապաքինում ենք մաղթում:
Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրավիճակի հետագա դեգրադացիայով, լուծել բոլոր առաջացող խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել անհրաժեշտ օժանդակությունը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի նորմալացման համար՝ դեէսկալացիոն միջոցառումներով և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտու վերածելու համար՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս 4 զինծառայող վիրավորվել է։
Այսօր արդեն ՊՆ հաղորդմամբ, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում