«Հրապարակ». Ում նկատմամբ ուզեն, կհարուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Azdarar.am-ում նրանք հրապարակային ծանուցվել են, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, ուստի օգոստոսի 9-ին հրավիրվում են «դիրքորոշում հայտնելու»։
Սակայն հարցն այն է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման գործընթացն ի սկզբանե նախաձեռնվել էր կոռուպցիոն հանցագործությունների համար և նախկին պաշտոնյաների դեպքում, ովքեր եկամուտների հայտարարագիր են ներկայացրել, և այնտեղ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Այսինքն՝ պետությունից աշխատավարձ ստացող պաշտոնյան, որն իր աշխատավարձը բազմիցս գերազանցող գույք ունի, պարտավոր է ներկայացնել այդ գույքի ծագման աղբյուրը։
Վստրեչի Ապերը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, և նրան կոռուպցիայի մեջ մեղադրելը նոնսենս է։ Սակայն օրենքում մի սողանցք են թողել՝ դատախազությունից ասացին, որ կան որոշ հանցագործություններ, որոնցով անցնող անձը, եթե ունի 50 միլիոնից ավելի գույք, նույնպես կարող է այս գործընթացի զոհը դառնալ։ Այսինքն՝ ում նկատմամբ ուզեն, կհարուցեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: