Իշխան Սաղաթելյան. Եթե քննիչ հանձնաժողովի նախագահը չլինի ընդդիմությունից, ապա բազմակողմանի ու անկախ քննություն չի կարող լինել
«Պետք է շատ հստակ արձանագրել, եթե պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահը լինելու է իշխանության ներկայացուցիչը, ապա այդ հանձնաժողովը չի կարող բազմակողմանի, ինքնուրույն քննել այն խնդիրները, որոնք դրված են լինելու իր առջև»,-հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հայտարարել էր՝ որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, որում ներգրավված են լինելու նաև արտախորհրդարանական ուժեր։
«Իշխանությունը փորձելու է նշանակել մեղավորներ ու ամբողջ պատերազմի հետևանքներն ու խնդիրները բարդել մի քանի հոգու վրա, իսկ ինքը չոր դուրս գալ։ Այդ հանձնաժողովը չի կարող լինել անկախ ու ինքնուրույն»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Սաղաթելյանի խոսքով, եթե իշխանությունն անկեղծ է իր նպատակներում, ապա պետք է հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմությունից, պետք է լինի ճիշտ ձևաչափ արդյունավետ քննություն իրականացնելու համար։
«Իրենց հայտարարած արտախորհրդարանական ուժերն արդեն պարզ է, թե ովքեր են, այն ուժերը, որ մի քանի անգամ հանդիպել են իշխանության հետ։ Իմ տպավորությամբ՝ այդ ուժերը ընդդիմության ընդդիմություն են, ոչ թե իշխանության։ Ես նրանց մի քանի անգամ առաջարկել եմ, լուծարվեք, միացեք ՔՊ-ին»,-ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այդ ուժերի ներկայացուցիչների ներգրավմամբ իշխանությունը փորձելու է ցույց տալ, իբր շատ մարդիկ ու ուժեր են հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված, սակայն դրա արդյունքում իրական ընդդիմությունը չի ունենա վճռորոշ ազդեցություն հարցերի բարձրաձայնման համար։
«Եթե այդպես լինի, ապա այս ամենը համարում ենք հերթական շոու, որի մաս չենք կարող լինել։ Մեզ պետք է հանձնաժողով, որը անկախ, ինքուրույն ու ամբողջական կերպով կկարողանա քննել պատերազմի պատճառները, հետևանքները ու խնդիրները, պատասխան տալ բազմաթիվ հարցերին, որոնք սեղանի վրա են»,-ընդգծեց Սաղաթելյանը՝ հստակեցնելով, որ չի խոսում դաշինքի անունից։
Նա ասաց, որ Դաշինքն այդ հարցի մասին առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին