«Ժողովուրդ». Իշխող թիմը թեժ քննարկում է ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի շուրջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր և վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ և ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:
Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, և կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Վլադիմիր Վարդանյանին և Անդրանիկ Քոչարյանին:
Հիմա պետք է ընտրվեն մյուս հանձնաժողովների նախագահները, և քննարկեն նաև օրակարգային այլ հարցերը, թե ինչպես պետք է իրենց պահեն նորընտիր ԱԺ առաջին նիստի ընթացքում։ Բացի այդ, այս օրերին պետք է մշակվի նաև ռազմավարություն, թե ինչ են անելու, ինչպես են դիմակայելու ընդդիմությանը, քանի որ նրանք էլ են պատրաստվում խորհրդարանի աշխատանքներին:
Եվ, մեր տեղեկություններով, այսօր կամ վաղը այդ նիստերից մեկին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը ևս հստակ հանձնարարականներ կտա իր թիմին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում