Սահմաններում դեռ պատերազմ է՝ Նորակերտ գյուղը
Նախօրեին հակառակորդի կողմից արձակված անօդաչու թռչող սարք ընկել է Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում։
Գյուղացիները Panorama.am-ին պատմեցին, որ հուլիսի 29-ի գիշերը, դեռ ժամը՝ 24․00 -ը չկար, օրը չէր ավարտվել։
«Ժամը համարյա 12-ն էր, երեխեքը քնած էին, մեկ էլ մի գմփոց լսվեց, տունը ցնցվեց։ Լուսամուտները փշուր-փշուր եղան լցվեցին տուն։ Ամբողջ տունս ապակիր էր։ Սկզբում մտածինք երկրաշարժ էր, հետո հասկացանք, որ սա երկրաշարժի բան չէր։ Դուրս եկանք տեսնենք, գյուղի ժողովուրդը դուրս է եկել՝ աղմուկ, բոլորը պանիկայի մեջ էին։ Մի ամբողջ թաղամասի տներ վնասվել են՝ էլ լուսամուտները, դռները, կռիշը ջարդ ու փշուր ա եղել։ Արփիները (ջրատաքացնող սարք) ցխվել ա, սենց բան պատերազմի ժամանակ չեղավ»,- պատմեց Նորակերտի բնակիչը։
«Մի բան գետին ընկավ ու գմփաց, էտ ձայնը երբեք չեմ մոռանա, մայրս սկսեց բղավել, ասում էր՝ գյուղը ռմբակոծին։Մեր խոհանոցի լուսամուտներն ու դուռը չկան, վնասվել են։Անգամ շորերի մեջից ապակու կտորներ ենք հանում։ Շատ վախեցանք»,- ավելացրեց հարևանությամբ ապրող երիտասարդ աղջիկը։
Թշնամու կողմից արձակված ԱԹՍ-ն ընկել է նորակերտի բնակիչ Ավետիս Օհանյանի առանձնատան հողամասին։ Նրա հետ կապ հաստատեցինք, բայց բնակիչը երկար չխոսեց, շփոթված ու այլալված էր ձայնը։
«Շատ զբաղված ենք ժամանակ չունենք պատասխանելու։ Ամբողջ տունս վնասվել է , փորձում եմ մի քիչ վերանորոգել, որ գիշերը կարոնանք տան մեջ քնենք»,- Panorama.am-ին ասաց Ավետիս Օհանյանը և եզրափակեց զրույցը։
Տեղացիներն ասացին, որ թեև շատերի տներն է վնասվել, բայց ամենից շատ Օհանյանների տունն է վնասվել։ Ասում են՝ տնից բան չի մնացել և Աստծո կամոք են միայն ողջ մնացել։
Բանն այն է, որ Նորակերտ գյուղում կան հնում կառուցված տներ, որոնց ննջարանները չունեն լուսամուտներ։ Բնակիչներն ասում են, որ Օհանյանները ողջ են մնացել ,քանի որ ննջարանում են եղել, որտեղ լուսամուտներ չկան․․․
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին