Առաջարկվում է Իսահակյան փողոցում և Մոսկովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երևան քաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով:
Այս մասին հայտնում են ոստիկանության հասարկայանության հետ կապերի ու լրատվության վարչությունից՝ հիշեցնելով, որ վերջին անգամ գիտականորեն նման հաշվարկներ Հայաստանի Հանրապետությունում կատարվել են 21 տարի առաջ:
Ըստ աղբյուրի, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իսահակյան և Մոսկովյան փողոցներում, հատկապես երթևեկության «պիկ» ժամերին, հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, երթևեկությունը դանդաղում է:
Խցանումներից խուսափելու համար հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել նշված փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարել վերաբերյալ նախագծեր:
«Մասնավորապես՝ առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա) և Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի՝ Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար:
«Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր:
Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում