Կարեն Վարդանյանի անվան դրոնների օդանավակայանը շուտով իրականություն կդառնա
Հայաստանում դրոնների առաջին օդանավակայանի ստեղծման համար հայտարարված դրամահավաքն օրեր առաջ՝ հուլիսի 27-ին ավարտվեց, սահմանված 110 286 դոլարի փոխարեն մոտ 117 հազար դոլարը հավաքվեց 20 օրվա ընթացքում։
«Կհանդիպենք Կարեն Վարդանյանի անվան դրոնների օդանավակայանում»,-դրամահավաքի ավարտն այսպես անոնսեց նախաձեռնության մասնակիցներներից մեկը։
«20 օրում 2870 մասնակիցների ջանքերով այդ նպատակի համար հավաքվեց $116. 625 գումար»,-արդյունքներն ամփոփում է դրամահավաքի մեկ այլ ակտիվ մասնակից։
Դրամահավաքի մասնակիցների գերակշռող մասը Հայաստանից են, սակայն Սփյուռքի հայրենակիցներն ավելի շատ գումար են նվիրաբերել։
Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» և «Startup Armenia» հիմնադրամը։
Դրամահավաքի նախաձեռնության գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած «Startup Armenia» հիմնադրամի տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արսեն Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց՝ մտադիր են հավաքված գումարով Լոռու մարզի Լեռնապատա գյուղում կառուցված թիչքուղու շուրջ ձևավորել ստանալ ԱԹՍ-ների օդանավակայան, որը կլինի համապարփակ ինժիներական կրթության, կրթական ու արտադրական ԱԹՍ-ների նախագծման, կիրառման, փորձարկումների կենտրոն։
«Քանի որ այն լինելու է հայաստանյան նշանակության կենտրոն, մենք մտածեցիքն, լավ կլինի, որ շատերը դրան մասնակից դառնան, ոչ թե մեկ-երկու կազմակերպություն։ Հուլիսի ութից սկսեցինք դրամահավաքը, քսան օր անց ավարտեցինք։ Ես իրականում սպասում էի, որ ավելի հեշտ ավարտին կհասցնենք»,-ասաց Ա. Հարությունյանը։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ նամակագրության արդյունքում դրամահավաքի կազմակերպիչները հույս ունեն, որ գումարը շուտ կստանան։
«Սովորաբար այն տևում է երեք շաբաթից մինչև մեկ ամիս։ Բայց մեծ հույսեր ունենք, որ այս տարվա հոկտեմբեր-նեյեմբեր ամիսներին այն պատրաստ կլինի»,-ասաց Հարությունյանը։
Լեռնապատում այս պահին շինարարական աժիոտաժ է, թռիչքուղին պատրաստ է, հարակից ենթակառուցվածքները շինարարության փուլում են։
«Շատերը ռազմական ուղղվածություն էին տալիս դրամահավաքին, բայց մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ այն ամբողջությամբ կրթական օդանավակայան է լինելու, նախատեսված է լինելու հիմնականում 10-17 տարեկան պատանիների համար։ Նրանք ավելի մեծ հնարավորություն կունենան համապարփակ փորձարկումներով զբաղվել, իրենց նախագծած ԱԹՍ-ներն ավելի շատ փորձարկել»,-նշեց Ա. Հարությունյանը։
Օդակայանի կառուցումը եղել է ԱՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանի երազանքը։ Լուսահոգի Վարդանյանի ընկերները, գործընկերները, հիմնադրամը միավորվել են այդ նպատակի շուրջ ու կյանքի են կոչում։
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծագույն գործիչ Կարեն Վարդանյանն իր մասնագիտական և հասարակական գործունեության վերջին տարիներն ամբողջովին նվիրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Առաջատար տեխնոլոգիական երկիր ունենալու իր նվիրական երազանքի իրականացումն այժմ շարունակում են իր ընտանիքը և համախոհները։
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամից ընդգծում են, համապարփակ ինժեներական կրթության՝ հատկապես ԱԹՍ-ների նախագծման և կիրառման ոլորտում կրթական հնարավորությունների կազմակերպումը ձեռք է բերել օրհասական բնույթ։
Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանը կծառայի որպես ՀՀ-ում գործող և ապագայում մեկնարկվող ԱԹՍ խմբակների և մասնագիտական ընկերությունների կենտրոն, որտեղ պատանիներին կփոխանցվեն համապարփակ ինժեներական գիտելիքներ և անհրաժեշտ գործնական հմտություններ։
Հիմնադրամում համոզված են, որ ԱԹՍ օդանավակայանը հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման և նորարարական մշակույթի տարածման գործում, կնպաստի մեր ազգային անվտանգության ամրապնդմանը։
Սեպտեմբերին հենց Լեռնապատ գյուղում է նախատեսված անցկացնել Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը, որի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վարդանյանին վերջին հրաժեշտը՝ յարխուշտայով
- Կարեն Վարդանյան. Արժանապատվությունիցս ցածր եմ համարում Արսեն Թորոսյանի հետ գործ ունենալ
- Իր նման նախարարներ շատ ենք ունեցել. Կարեն Վարդանյանի պատասխանը՝ ԿԳՄՍ նախարարին
- ԻՏՁՄ-ն այսուհետ կկոչվի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան