«ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
«Ազգային ժողովի դահլիճում էլ առնվազն 71 մարդ պատանդ է, մեկ մարդու պատանդ»,-ԱԺ ընդմիջման ավարտից հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ մանրամասնելով, որ խոսքը ՔՊ պատգամավորների մասին է։
Նա իր գործընկեր Արծվիկ Մինասյանին, որ ամբիոնի մոտ էր, հարց ուղղեց՝ իրենից աջ նստած պատգամավորներից քանի՞սն են հասկանում այն աբսուրդ վիճակը, որում իրենք էլ են հայտնվել։
«Այս իրավիճակը հաղթահարելու արժանապատվություն, տղամարդկություն քանի՞սը կունենան այս իրավիճակը հաղթահարելու համար։ Ո՞ւմ հետ աշխատենք առաջիկայում»,-հարցրեց Աղվան Վարդանյանը։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց՝ առաջիկա ժամերը ցույց կտան Վարդանյանի կողմից նշված չափանիշներին բավարարող անձանց։
Ինչ վերաբերում է խորհրդարանում լրագրողների ու պատգամավորների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Վարդանյանի հնչեցրած մտահոգությանն ու հարցին, ապա Մինասյանն ասաց՝ պատգամավորները ԱԺ ներսում իրենց աշխատասենյակից նիստերի դահլիճ անցնելու համար անցնում են սահմանափակումների միջով, ինչը աբսուրդ է։
«Ես ուսումնասիրել եմ և չեմ հայտնաբերել որևէ կազմակերպություն, կառույց կամ երկրի խորհրդարան, որտեղ նման աննորմալ սահմանափակումներ լինեն, երբ պատգամավորն իր աշխատասենյակից իր աշխատավայր գալու համար անցնի այս, իմ գնահատմամբ, առանձին դեպքերում ստորացուցիչ ընթացակարգով։ Այս մասով վստահ եմ, որ մեր խմբակցությունն իրականացնելու է համարժեք իրավական ընթացակարգ նման աննորմալ սահմանափակումները վերացնելու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, այն բացատրությունը, թե սա անվտանգության ռեժիմի միջոցառում է, աբսուրդ է, քանի որ ռեժիմը չի կարող սահմանափակել իրավունքի իրացումը։
«Այն իրավունքի, որը վերապահված է ԱԺ պատգամավորին, լրատվամիջոցին, ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնին պառլամենտական երկրում։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սեփական վախը պարտադրվել է ԱԺ մեծամասնությունը կազմող անձանց, և վախի պայմաններում փորձ է արվում իբր անկաշկանդ պայմանների, միջավայրի պատրանք ստեղծել։ Սա չի կարող նորմալ լինել, սա աննորմալ է: Պառլամենտական երկրում սա իշխանության բարձրագույն մարմինն է, գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կողմից բարձրագույն մարմինը հլու հնազանդ, կամակատար դարձնելը հակաժողովրդավարական է, հակաիրավական է, հակասահմանադրական է»,-ասաց Մինասյանն ու ավելացրեց, որ նման կաշկանդվածության պայմաններում ԱԺ-ն չի կարող ծառայել իր հիմնարար նպատակին։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»
- Ձևավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը
- Դատախազությունից հայտնում են՝ Վարդևանյանի նամակի պատասխանը հանձնել են «Հայփոստ»-ին
- Թևանյան. Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն
- ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին
- Պատգամավորների երդումից հետո հնչեցին ծափահարություններ
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով
- ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհվածների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան