Ֆրանսիան և ԵՄ-ում նրա գործընկերները ուսումնասիրում են բելառուս մարզիկ Տիմանովսկայային ապաստան տրամադրելու հնարավորությունը
Փարիզը և ԵՄ գործընկերները քննարկում են բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայային քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը, որին Բելառուսի հավաքականի մարզչական շտաբը որոշել է օգոստոսի 1-ին տուն վերադարձնել Տոկիոյի օլիմպիական խաղերից: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը, գրում է Tass-ը։
«Մի շարք եվրոպական երկրների հետ միասին մենք մտածում ենք՝ կարո՞ղ ենք նրան քաղաքական ապաստան տրամադրել առաջիկա օրերին կամ շաբաթներին։ Կարծում եմ, որ սա այն է, ինչ կարող է անել Եվրոպան», - ասել է Բոնը RFI ռադիոկայանի եթերում:
Ֆրանսիացի դիվանագետը կարծում է, որ բելառուս մարզիկի շուրջ ստեղծված իրավիճակը հաստատում է Բելառուսում «բռնապետությանը բնորոշ վերահսկողության, գրաքննության և բռնության» առկայությունը:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Ճապոնիայի իշխանությունների և ոստիկանության հետ միասին, ապահովել է այս մարզիկի անվտանգությունը», - ասել է նա:
Ավելի վաղ ընդդիմադիր Բելառուսի մարզական համերաշխության հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել էին, որ Տիմանովսկայային բռնի ուժով տարել են Տոկիոյից՝ բելառուս մարզիկների մարզչական շտաբի գործողությունների վերաբերյալ իր քննադատության կապակցությամբ:
Տիմանովսկայան Euroradio-ին պատմել է Եվրոպայում ապաստան խնդրելու իր մտադրության մասին: Բացի այդ, սոցիալական ցանցերով մարզիկը դիմել է ՄՕԿ-ին՝ իրավիճակին միջամտելու և նրան օգնելու խնդրանքով: Ըստ Տիմանովսկայայի, իր վրա ճնշումներ են գործադրվել, և նրանք փորձում են իրեն դուրս բերել Ճապոնիայից առանց իր համաձայնության: