Պատգամավորների երդումից հետո հնչեցին ծափահարություններ
ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում նորընտիր պատգամավորները երդվեցին։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,-երդման տեքստն ընթերցեց նիստը վարող ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Երդման տեքստի ընթերցման ավարտից հետո դահլիճում ներկա պատգամավորները վանկարկեցին. «Երդվում եմ, երդվում եմ»։
Երդմանը հետևեցին ծափահարություններ։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:
Հիշեցնենք, որ առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կնյազ Հասանովը երդման արարողությունից հետո շնորհակալություն հայտնեց Ամենայն Կաթողիկոսին ու ՀՀ նախագահին նստաշրջանին ու պատգամավորների երդման արարողությանը ներկա գտնվելու համար։
Կրկին հնչեցին ծափահարություններ, որից հետո Գարեգին Բ-ն ու Արմեն Սարգսյանը դուրս եկան նիստերի դահլիճից։
Այնուհետ Կնյազ Հասանովը հատ առ հատ հայտարարեց նորընտիր պատգամավորների անունները, նրանք ոտքի կանգնեցին, ամեն պատգամավորի անունն արտասանելուց հետո հնչեցին ծափահարություններ։ «Հայաստան» դաշինքի ազատազարկված պատգամավորների անուններն արտասանելուց հետո հնչած ծափահարություններն առավելի բուռն ու երկարատև էին։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը՝ պատգամավորներին. Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի ձեզ
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով
- ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհվածների հիշատակը