Forbes-ը Հայաստանը ներառել է 7 լավագույն ուղղությունների շարքում, ուր կարելի է այցելել չնայած կովիդին
Forbes պարբերականը ներկայացրել է ճանապարհորդությա 7 լավագույն ուղղությունները, ուր կարելի է այցելել՝ չնայած Covid-19-ի համավարակին։
Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ 2021 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում աշխարհում 180 միլիոնով ավելի քիչ է եղել միջազգային զբոսաշրջային ուղևորությունները:
Պարբերականը խորհուրդ է տալիս գալ Հայաստան ու համտեսել աշխարհում ամենահին կոնյակը։
Նշվում է, որ Արարատ կոնյակը հագեցած է ընկույզի, համեմունքների, դառը շոկոլադի և վանիլի բույրով:
«Նրա գաղտնիքը կայանում է խաղողի յուրահատուկ սորտերի միջոցով դրա արտադրության, նաև Արարատյան դաշտի միկրոկլիմայի և հայկական կաղնու տակառներում կրկնակի թորման և հնեցման հնագույն մեթոդի մեջ»,-գրում է կայքը։
Forbes-ը գրում է, որ կոնյակի համտեսման փորձը կապված է այնպիսի պատմությունների և լեգենդների հետ, ինչպիսին է Յալթայի կոնֆերանսը, որի ժամանակ Ստալինը Վինսթոն Չերչիլին առաջարկել էր մի բաժակ Արարատ` իր սիգարի հետ միասին, ինչը շատ էր դուր եկել Անգլիայի վարչապետին։ Այդուհետ Չերչիլն ամեն ամիս ստանում էր «Դվին» կոնյակի առաքում:
Ասվում է, որ այս պահին Հայաստան կարելի է հասնել ճանապարհորդությունից մինչև 72 ժամ առաջ կատարված բացասական PCR թեստով: