ԱԺ պատգամավոր. Այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկը իմ համաքաղաքացին է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը ԱԺ ընթացող նստաշրջանում ցավով հայտնեց, որ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկմնա դատապարտված գերիներից մեկը՝ Ալյոշան, իր համաքաղաքացին է։
«Կապանից է։ Ես ճանաչում եմ նրա ընտանիքին, նա փոքր երեխա ունի։ Պետության ուղիղ պարտականությունն էր անել ամեն բան, որպեսզի մենք Բաքվում գերիներ, պատանդներ չունենայինք։ Փաստացի այս իշխանությունը որևէ բան չի արել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նկատեց, որ Հայաստանում էլ պատանդի կարգավիճակում գտնվում են ոչ միայն «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, այլև Մանվել Փարամազյանը, Առուշ Առուշանյանը, Սուրեն Օհանջանյանը, Արամ Գասպարյանը։
«Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի այս քաղաքական հետապնդումները դադարեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը մի քանի անգամ որպես պատգամավոր փորձել է տեսակցել նրանց հետ, բայց ապարդյուն։
Գրիգորյանի համոզմամբ, կա հստակ հրաման տեսակցությունները չթույլատրելու մասին, ինչը խոսում է նման հրաման տվողների վախի մասին։
Պատգամավորը հիշեցրեց, որ նրանց ազատության պահանջով ստորագրահավաքն իշխանությունները թույլ չտվեցին, ինչը փաստում է, որ նույնիսկ նրանց նկարը տեսնելուց իշխանության ներկայացուցիչների մոտ անհասկանալի զգացողություններ են առաջանում։
«Ինչի՞ց են վախենում, պարոն Մինասյան»,-հետաքրքրվեց գործընկեր Արծվիկ Մինասյանից Աննա Գրիգորյանը։
Դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ հայի արժանապատիվ տեսակից, քանի որ հասկանում են, որ «իրենք անարժանապատիվ կյանքով են ապրել, նրանք վախենում են ամեն ինչից, սեփական ընտանիքից, քանի որ հասկանում են, թե ինչ պատուհաս են դարձել, թե ինչ դժբախտություն են բերել մեր պետականությանն ու հայրենիքին»։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյանը՝ դատախազությանը. Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում
- Արծվիկ Մինասյան. «Շատ ուրախ կլինենք տեսնել, թե ինչ ծպտուն է հանել Դատախազությունը»