Հայ ուսանողուհիները Ջավախքի երեխաների համար «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիր են սկսել
2021 թվականի հուլիսի 19-ից Ջավախքի երեխաների համար մեկնարկել է նոր՝ «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիրը։Ինչպես փոխանցում է aliq.ge-ն․ այն իր մեջ ներառում էր երկշաբաթյա անգլերենի ինտենսիվ դասընթացներ։
Նախաձեռնությունը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Մարիաննա Խաչատուրյանինն է, ով մեկ տարուց ավել աշխատում է ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Ծրագիրն իրականացվում է American Language Center -ի աջակցությամբ:
Ծրագրի մասին խոսելիս Մարիաննան ասում է, որ մեկ տարուց ավելի է աշխատում է երեխաների հետ, անցկացնում դասընթացներ՝ փորձելով բարելավել նրանց վրաց և անգլերեն լեզուների իմացության մակարդակը։
«Այսպիսի ծրագիր իրականացնելու միտք վաղուց ունեի և վերջերս կիսվեցի այս մտահղացմամբ American Language Center-ի գլխավոր տնօրենի հետ։ Նրան ևս դուր եկավ գաղափարը և ասաց, որ սկսեմ ծրագիրը գրելը։ Այսպես և հիմք դրվեց ծրագրին։ Հետո ինձ միացան իմ ընկերները և միասին իրագործեցինք այն։ Ծրագրի հիմնական նպատակն է` շրջանի երեխաների անգլերեն լեզվի իմացության բարելավումը և գրական աշխատությունների հետ ծանոթացումը»- Ալիք մեդիայի հետ զրույցում ասում է Մարիաննան:
Ծրագիրն իրականացվում է առցանց հարթակում։ Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից 12-18 տարեկան 20 երեխա՝ երեք տարբեր տարիքային խմբերով են մասնակցել դասընթացին։ Ծրագրի ավարտին երեխաներին հանձնարարվել է պատրաստել շնորհանդես անգլերեն լեզվով։
«Երեխաները տեսանյութում ներկայացնում են Ջավախքի մշակույթը, հարստությունները և կենցաղը։ Ծրագրի իրականացման գործում ինձ օգնեցին Թբիլիսիի պետական համալսարանի, անգլերենի լեզվաբանության 3-րդ կուրսի ուսանողուհիներ՝ Մարիետտա Կուջոյանը, Արմինե Բադոյանը և Մինազար Շիրինյանը։ Նրանք իրականացրին դասընթացներ՝ փորձելով ինչքան հնարավոր է բարելավել երեխաների օտար լեզվի իմացության մակարդակը»- ասում է Մարիաննան:
Ծրագիրը կավարտվի օգոստոսի 4-ին, որից հետո երեխաներին կտրվեն մասնակցության հավաստագրեր և մրցանակներ։