ՔԿ. Մահացած զինծառայողը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով
Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի /զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասով և 235-րդ հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Հիշեցենք, Արցախի պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: