Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում են փառատոնի նախաձեռնողները։
«Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը (հետպատերազմյան շրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապես սահմանամեձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:
Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):
Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:
«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես ժյուրի հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն Անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ, «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:
17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝ «Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա, Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք» (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.), «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:
Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացված են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա) «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:
Այս տարի ևս շարունակվում է՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի վեր, փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է 11 ֆիլմ:
Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):
Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:
Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները