Ռուս գործընկերների հետ քննարկումների մեջ ենք․ Ռուբինյանը՝ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասին
«Քննարկումները շարունակվում են, այս պահին նոր բան չեմ կարող հայտնել։ Երբ որ նոր զարգացում լինի կտեղեկանաք այդ մասին։ Մեր ռուս գործընկերների հետ քննարկումների մեջ ենք»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իմ Քայլի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին հարցին։
Ռուբինյանի խոսքերով, ՀՀ սահմանները խախտված են մայիսի 12-ից ադրբեջանական զորամիավորումների ներխուժման բերումով, ինչը անընդունելի է։ Ռուբինյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի առաջարակն ամիսներ առաջ՝ իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ, երկու կողմից սահմանից զորամիավորումների հայելային հետքաշման վերաբերյալ, որից հետո միայն հնարավոր կլիներ խոսել սահմանագծման ու սահմանազատման մասին։ Վերջին հայտարարության մեջ, ինչպես ասաց Ռուբինյանը, Փաշինյանը հնչեցրել է առաջարկ առ այն, որ հնարավոր է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների ներկայությունը՝ կրկին երկու կողմերի հայելային հետքաշմամբ, որով կարող է հիմք դրել սահմանազատման, սահմանագծման համար։
«Սա ամբողջ մեր դիրքորոշումն է ու ամեն ինչ հանրային է»,-ասաց Ռուբինյանը։
Ադրբեջանն ունի նպատակադրում վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշին ու նրա գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների դեմ, ասաց Ռուբինյանը, հավելելով, որ ՀԱՊԿ գործընկերների հետ ևս քննարկումները շարունակվում են։
Խոսելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքերի մասին, թե Ֆրանսիան պատրաստ է քննարկել Հայաստանի հայտը անվտանգության հետ կապված, Ռուբինյանն ասաց. «Գնահատում ենք միջազգային գործընկերների աջակցությունը, այդ թվում Ֆրանսիայի, որը բավական մեծ աջակցություն է մեզ ցուցաբերել, բայց մեր գործողությունները կապված են տարբեր իրավիճակների հետ և մեր ոճը արտաքին քաղաքականության վարման այն է, որ մենք չենք պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերություն կառուցել՝ ի հաշիվ այլ երկրի»։
Պատասխանելով ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու հետ կապված հարցին՝ Ռուբինյանն ասաց, որ ՄԱԿ ԱԽ-ն մի մարմին է, որն ունի մշտական, ոչ մշտական անդամներ, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։
«Դա ենթադրում է, որ ցանկացած երկիր, ցանկացած հարցով եթե ուզում է դիմել ՄԱԿ ԱԽ-ին պետք է համապատասխան մթնոլորտ ապահոված լինի։ Հակառակ դեպքում դա անիմաստ էԼ Բացի այդ, կա քաղաքական պատեհության և նպատակահարմարության հարց։ Եթե նման անհրաժեշտություն լինի, քայլեր կգործարկվեն՝ համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո»,-ասաց Ռուբինյանը։