ԱՄՆ-ը հրահանգել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը
Վաշինգտոնը անցյալ դեկտեմբերին Մոսկվային հանձնեց 24 ռուսաստանցի դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն Միացյալ Նահանգների տարածքը մինչև սեպտեմբերի 3 -ը՝ ամերիկյան կողմից ռուս դիվանագետների գործուղումների ժամկետները միակողմանի ձևով մինչև 3 տարի սահմանափակման պատճառով: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը National Interest ամսագրին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Ցավոք, իրավիճակը դեպի լավը չի փոխվում: Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են աննախադեպ սահմանափակումների պայմաններում, որոնք ոչ միայն ուժի մեջ են մտած, այլև ավելանում են», - ասել է դեսպանը։
Նրա խոսքով ՝ ամերիկյան կողմը «համառություն ու հնարամտություն է ցուցաբերում այս հարցում»:
«Դիվանագետների վտարումն իրականացվում է անհեռատես պատրվակներով: Անցյալ դեկտեմբերին Պետդեպարտամենտը միակողմանիորեն սահմանեց երեք տարվա գործուղման սահմանափակում ռուսաստանցի անձնակազմի համար, որը, որքանով մենք գիտենք, չի տարածվում որևէ այլ երկրի վրա։ Մենք ստացել ենք 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3 -ը: Նրանցից գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը հանկարծ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,-ասել է դեսպանը: