«Փաստ». Աշնանը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե». Ո՞րն է նպատակը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ անվտանգության արտառոց ու աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նիստերին զուգահեռ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը: Երեք տարում՝ արդեն երրորդ անգամ: Նախագահը նաև մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելու մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «նոր» կարգավիճակում Փաշինյանի առաջին այցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնություն: Չի բացառվում, որ դա կլինի նոր եռակողմ բանակցությունների մեկնարկը: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե», սակայն այդ այցերի գերակշիռ մասի նպատակը պարզապես լինելու է հայկական Սփյուռքի կենտրոններ այցելելը և սփյուռքահայության հետ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախատեսում է բավականին լուրջ պատվիրակության ուղեկցությամբ իրականացնել այդ շրջագայությունը՝ այդ քայլով սփյուռքահայության վստահությունը իր նկատմամբ վերականգնելու հույսով:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ ներկայումս քննարկվում է ձևաչափը: Միևնույն ժամանակ, դիվկորպուսին հանձնարարված է գտնել ուղիներ՝ այդ այցերի ժամանակ տվյալ երկրների որևէ պաշտոնյայի հետ հանդիպում ապահովելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: