Որն է կորոնավիրուսի Դելտա տարատեսակի դեմ պայքարի գլխավոր միջոցը
ԱՄՆ-ը այսօր պայքարում է քովիդ հիվանդության տարածման արագությունը նվազեցնելու ուղղությամբ, երբ այստեղ նոր թափ է առնում Դելտա անվանումը կրող ենթատեսակը: Ցայտուն օրինակ են Սան Ֆրանցիսկոյի երկու հիվանդանոցները, որտեղ թեստի դրական պատասխաններ են ստացել ավելի քան 200 աշխատակիցներ: Ի դեպ, նրանց մի մեծ մասը ստացել է պատվաստումների երկու չափաբաժինը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսից այսպես ասած ամենաքիչը մտահոգ Ֆլորիդա նահանգին, ապա այստեղ մեկ օրվա ընթացքում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ` 21000 դեպք: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչին է նորից շեշտում, կորոնավիրուսի այս նոր տարատեսակն ունի մարդուց մարդ անցնելու չափազանց մեծ արագություն:
Հիմա ԱՄՆ-ում խնդիրն այն է, որ այստեղ մոտ 100 միլիոն մարդ չի ենթարկվել պատվաստումների և իշխանությունները որոնցում են հիվանդության տարածման առաջն առնելու նոր ուղիներ: Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց դաշնային կառավարությունում աշխատող բոլոր անձանց պարտադիր պատվաստելու կամ նրանց կողմից պարբերաբար թեստ հանձնելու որոշման մասին:
Իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կոչ է անում բոլորին, այդ թվում լիովին պատվաստումներ անցած անձանց, կրել դիմակներ:
Կոնգրեսի բժիշկը նույնպես պարտավորեցնում է Ներկայացուցիչների պալատի անդամներին կրել դիմակներ: Մի շարք կոնգրեսականներ քննադատում են նոր կանոնը, որն այս պահին դեռ ուժի մեջ չի մտել Սենատում:
Օրինակ հանրապետական Քևին ՄաքՔարթին, որը Պալատում փոքրամասնության ղեկավարն է, ասում է, թե Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը կարծես թե վերածվել է վարչակազմի քաղաքական թևի, և ուզում է վերահսկել մարդկանց կյանքի բոլոր հատվածները: Կարծես դրան ի պատասխան է Էնթոնի Ֆաուչին ասում, որ առողջապահության մարմինների կողմից եկող հրահանգներն այս պահին կարող են անտեսել անձնական ազատությունները, սակայն դրանց չհետևելը կարող է շատ ավելի ծանր հետևանքներ առաջ բերել:
Կանոնների խստացումները տալիս են առաջին պտուղները: Պատվաստումների արագությունը, նախորդ երեք շաբաթների համեմատ, անցյալ շաբաթ գրանցել է 21 տոկոսի աճ: Իսկ այն, որ պատվաստումից հրաժարումը նպաստում է համավարակի տարածմանը, փաստում են ԱՄՆ-ի հարավային այն նահանգները, որտեղ գրանցվել է պատվաստումների ամենացածր, և քովիդով վարակված անձանց ամենաբարձր մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան