Թագուհի Թովմասյան. Մենք ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց
Այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զինվորական համազգեստով անձինք արգելել են պայուսակն իր հետ տանել նիստերի դահլիճ։
«Մենք արդեն երկու օր այստեղ բախվում ենք զինված մարդկանց։ Իհարկե, շատ լավ է, որ անվտանգությունը պահպանվում է, բայց լավ կլինի, որ այդ անվտանգությունն ապահովվի մեր երկրի դարպասների մոտ, և այնպես չլիներ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ին կարողանային սուլելով մտնել Գեղարքունիք ու Սյունիք։ Մտան ու դուրս չեն գալիս, այ անվտանգությունը պետք էր ապահովվել այնտեղ»,-հայտարարեց պատգամավորը։
Նա անհասկանալի ու անընդունելի է որակում ԱԺ-ում անվտանգության խստացված միջոցառումները։
«Հույս ունեմ, որ ԱԺ նոր ղեկավարությունն առնվազն կվերանայի տրված հրահանգը, եթե այդպիսին կա, քանի որ այդպես էլ անհասկանալի է, թե ինչ իրավական հիմքով են արվել այս խստացումները»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին արգելել անձնական իրեր տեղափոխել որևէ տեղ։
«Հաջորդ անգամ կլինեն ավելի աղմկահարույց իրավիճակներ։ Բացի այն, որ մենք անցնում ենք մետաղաորսիչ սարքի միջոցով, մեզ նորից ստուգում են սարքերով։ Ես արգելում եմ, որպեսզի ԱԺ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ ու փորձեն զննել։ Սա ուղղակի անընդունելի է»,-ասաց Թովմասյանը։
Անդրադառնալով լրագրողների տեղաշարժի սահմանփակումներին, նրանց քաշքշելուն, ապա Թովմասյանը դա ևս անընդունելի համարեց, հիշեցրեց, որ օրենսդիր մարմինը հաշվետու է ՀՀ քաղաքացիներին։
«Մենք որևէ բան չունենք թաքցնելու։ Ես ինքնս երկար տարիներ լուսաբանել եմ խորհրդարանի աշխատանքը, երբևէ, որևէ ժամանակ չի խախտվել խորհրդարանական ավանդույթը և լրագրողները կարողացել են ազատ տեղաշարժվել, հարց տալ, նկարահանել ինչ ցանկանան, ոչ թե այն, ինչ իրենց հրամցվում է։ Հիմա ի՞նչ խնդիր կա, որ իշխանական պատգամավորների կողմ արգելված է լրագրողների մուտքը, ո՞ւր ենք հասել, այսինքն իշխանական պատգամավորն անձեռնմխելի՞ է, այս ո՞ւր ենք գնում»,-ասաց նա՝ ընդգծելով թափանցիկության անհրաժեշտության մասին։
Թովմասյանն ասաց, օր առաջ պետք է վերանայվի սա, այլընտրանք չկա։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»