Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում․ Մարտին Գալստյան
2021թ․-ի օգոստոսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 7 տոկոս։ 2020թ․-ի հունիսին արձանագրվել է 0,8 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,4 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6,5 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ․ հունիսի վերջին կազմելով 7,8 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսում այսօր ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Մարտին Գալստյանը նշեց, որ 2021թ․-ի երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ԿԲ կանխատեսումներին համահունչ շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը։
«Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայրը։ Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն»,-ասաց Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքերով, 2021թ․-ի ընթացիկ զարգացումների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։ Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է ավելի արագ տեմպերով, որին նպաստում են մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաև արտաքին պահանջարկի արագ աճը։
«Հաշվի առնելով արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում սպասվող մակրոտնտեսական զարգացումներն ու դրանից ածանցվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը։ Միևնույն ժամանակ, խորհուրդը հետևողակ լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի ու կանխատեսվող հորիզոնում կկայունանան նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,-ասաց ԿԲ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան