Նաիրա Զոհրաբյան. Առաջարկում եմ Մխիթարին և Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ բարեկամական խորհուրդ է տվել խորհրդարանական ընդդիմությանը.
«Շատ լավ էր, շատ սիրուն էր, որ ԱԺ առաջին նիստին եկել էիք ազատազրկված ձեր պատգամավոր գործընկերների՝ Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի դիմաշապիկներով։
Այս պահին ԱԺ-ն քննարկում է ԱԺ փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների առաջադրման հարցը։
Եվ քանի որ Դոնթի բանաձևով ընդդիմությանը հասնում է ԱԺ մեկ փոխնախագահի և ԱԺ երեք մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելներ, առաջարկում եմ Մխիթարին և Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում։
Կլինի ազնի՞վ՝ այո։
Կլինի արդա՞ր՝ այո։
Ի դեպ, այսօր կրկին Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»։
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանին։ Այսօր ԱԺ փոխնախագահի թեկնածու ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու
- 71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում
- Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
- Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը