Քաղաքագետ. Ընդդիմությունն ու իշխանությունն իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է: Չկա գաղափարախոսություն, կամ աշխարհայացք, չի կարող լինել արդյունավետ կուսակցություն և որպես հետևանք չի կարող լինել կանխատեսելի ապագայով պետություն, եթե այդ պետությունը վտանգի մեջ չի ու չի գոյատևում իներցիայով՝ արտաքին վտանգների բացակայությամբ պայմանավորված:
2018-ի իշխանափոխության հիմնական պատճառը պետական գաղափարախոսության սնանկություն էր, որի հետևանքը էլ եղավ Արցախի պարտությունը:
Հիմա այդ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն ու երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ: Երկուսն էլ իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ (միմյանց դեմ պայքարի միջոցով փորձում են հիմնավորել իրենց գոյության իմաստը): Դա քաղաքական պայքարի իմիտացիա է, որը բոլորն էլ զգում կամ հասկանում են (ով հասկանում է, ով զգում՝ առանց հասկանալու):
Արդյունքում երկուսն էլ չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված, ինչպես նաև պարտնյորներ դրսում, որովհետև անհասկանալի ու անկանխատեսելի են, այսինքն դառնում են ընդամենը կարճատև ժամանակահատվածի համար օգտագործման գործիքներ:
Հ.Գ. Կուսակցությունների աշխարհայացքն ու գաղափարախոսությունն, ամենից զատ, ունի նաև ներքին կազմակերպման համար կարևոր նշանակություն ներկուսակցական կյանքի մոտիվացիայի, միջանձնային առողջ փոխհարաբերությունների ու արդարության վրա հիմնված անհրաժեշտ բաց ու հստակակ կանոնակարգ կազմակերպման համար:
Ներքաղաքական պայքարը նման կուսակցությունների միջեւ մրցակցությունն է, որոնք հասարակությանն առաջարկում են իրենց արժեքներն ու կազմակերպման ձեւերը, հակառակ դեպքում իրենք ում ... են պետք»։