Արայիկ Հարությունյան. Դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել
«Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական»,-Մարտակերտում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով, իր որակմամբ, իրենց մեղքն ուրիշի վրա բարդելու նպատակով
հիմար մեկնաբանություններին, Հարությունյանը հայտարարել է. «Ուզում եմ ասել, դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել։ Մենք կռվել ենք աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանփակ հնարավորություն»։
Նա արցախցիներին ասել է, որ որևէ մեկի վրա հույս չդնեն, թե գալու է մեկն ու փրկի այս երկիրը։
«Չէ, փրկողները մենք ենք, այստեղ ապրողները, ուրիշ բարեկամ չունենք»,-ասել է նա՝ ավելացնելով, որ սկսում են խոշոր ներդրումային էներգետիկ ծրագիր։
Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կկառուցվի։ 17,6 ՄՎՏ հզորություն ունեցող «Գետավան-1» ՀԷԿ-ի՝ շուրջ 25 մլն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, իսկ առաջիկայում դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ:
«Եթե մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը չկարողանանք էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենանք, ապա 2022-ի ձմռանը մենք պետք է ունենանք հովհարայաին անջատումներ, քանի որ առկա գծերը բավարար չեն»,-ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր և նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ: Պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և Արցախն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: