Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոս ամսին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը։
Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:
Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում:
Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում, իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°C, որը նշանակում է ամռան ավարտը և աշնան սկիզբը:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում` միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +17...+19°C:
Լոռու մարզում՝ +17...+20°C, Տավուշի մարզում՝ +20...+24°C:
Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C, լեռնային շրջաններում` +20...+22°C:
Սյունիքի հովտային շրջաններում +27...+28°C, նախալեռնային շրջաններում` +18...+20°C: