Շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի է. Նալբանդյանի ելույթը
Հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:
Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։
Ելույթ ունենալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին. «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում