ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության քմահաճույքից. Իշխան Սաղաթելյան
«Թյուր ընկալումներից խուսափելու համար ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը, ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանությունների հետ քաղաքական համաձայնությունների կուլիսային պայմանավորվածությունների արդյունք»,-ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
Շնորհակալություն հյատնելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը իր թեկնածությանը սատարելու համար՝ Սաղաթելյանը շեշտեց, որ իր առաջադրումը ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածով ամրագրված նորմի պահանջ է, ըստ որի՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցություններից մեկից:
ԱԺ փոխնախագահի թեկնածուն նկատեց, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով ապահովվել է քաղաքական համակարգի հակակշռելիության գործոնը, որն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարության, կայունության և վարկանիշի համար:
«ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրություններից և քմահաճույքից»,-ասաց Սաղաթելյանը:
Նա հայտարարեց, որ ընդդիմությունը չի կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ ում օրոք կորցրել ենք հայրենիքի մի կարևոր մասը և ունեցել ենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ ու բռնագաղթվածներ:
Սաղաթելյանը հայտնեց, որ համերաշխ չեն լինելու այն իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է երկրի տարածքային ամբողջականությունը:
«Հայաստան» դաշինքի թեկնածուի խոսքով՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու է ընդդիմության ձայնը ԱԺ-ի նախագահությունում և խորհրդարանում:
«Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները՝ հակազդելու եմ այն բոլոր վտանգներն ու սպառնալիքները, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի թիրախները, ոչ էլ օրակարգերը»,- ասաց Սաղաթելյանը և հավաստիացրեց, որ շարունակելու է իր պայքարն ԱԺ դահլիճում՝ նախագահությունում, թե ներքում և շարունակելու է պայքարը նաև Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր մյուս հարթակներում:
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողները ոչ միայն իրենց ԱԺ են գործուղել, այլ նաև իրենց միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար են ձայն տվել:
«Թեև ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետին անունով դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
- ՔՊ-ն 71 ձայնով Հակոբ Արշակյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ