Ալեքսանդրապոլի պայմանագրի անընդհատ վկայակոչելը թուրք-ադրբեջանական շահի սպասարկում է նշանակում. Արծվիկ Մինասյան
«Իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ սա հետևողական՝ ոչ միայն պատմական փաստերը խեղաթյուրելու, այլ, ըստ էության, մեր թշնամիներին սպասարկելու ուղիղ օրակարգ է: Եթե մարդիկ տեղյակ չեն պատմությունից, ապա այն չի հիմնավորում, որ նրանք պետք է հիմնարար և տգետ հայտարարություններ անեն մեր պետականության հասցեին»,-ԱԺ-ում հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավորների ելույթներում Բաթումիի պայմանագիրը կնքելու մեջ ՀՅԴ-ին մեղադրելու դրույթներին:
Մինասյանի խոսքով՝ 1918 թվականին Բաթումիի պայմանագիրը կքվել է Հայաստանի անկախության համար և, 12 հազար քառ.կմ տարածքի վրա անկախություն ձեռք բերելով, Հայաստանը կարողացել է իր տարածքներն ընդլայնել:
Անդրադառնալով Ալեքսանդրապոլի պայմանագրին՝ «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտնեց. «Միայն ու բացառապես հայ ժողովրդի մի հատվածի փրկության համար ձևական ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրի անընդհատ վկայակոչելը ոչ ավել, ոչ պակաս՝ թուրք-ադրբեջանական շահի սպասարկում է նշանակում»:
Ըստ Մինասյանի՝ 1920 թվականին դաշնակցական կառավարությունը բոլշևիկյան իշխանություններին թողել է 42 հազար քառ. կմ տարածքով երկրի հնարավորություն որը գիտականորեն և փաստաթղթերով հիմնավորված է:
Նրա խոսքով՝ այդ պայմանագրերի էությունը խեղաթյուրելու ԱԺ պատգամավորների հակահայ պահվածքը ոչ թե քաղաքական ուժին վարկաբեկելու փորձ է այլ՝ պետականությունը կազմաքանդելու գործ:
Արծվիկ Մինասյանը զարմացավ, որ նման հայտարարություններ են անում նրանք, ովքեր իրենց համարում են հայրենիքը կորցրածների 2-3-րդ սերունդ և այսօր կանգնած են այն իշխանության մեջ, որը հայրենիք է հանձնում:
Նա հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն կա, որով սուտը, կեղծիքը և պատմական իրողությունը խեղաթյուրելու, Հայոց պետականությանը վնասելու վարքագծի համար քրեական պատասխանատվություն կսահմանվի:
«Համագործակցության մասին մեծամասնության կոչերի ֆոնը ճաք տվեց, երբ որ դիջեյական բառակապակցություններով «էկզոտիկ մտքեր» բառակապակցությունն են օգտագործում մարդիկ՝ այստեղ մեզ վերագրելով այդ մտքերը»,- հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Ինչո՞ւ են մարդիկ այսօր իրենց կյանքը բարդացնում, իրեց առերևույթ, հնարավոր հանցագործությունների հանգամանքներն ավելի ծանրացնում, ինչո՞ւ: Ես կարծում եմ, որ իրենք առաջնորդվում են այն մտքով, որ ինչքան սուտ ասեն, այնքան կհիմնկավորեն, որ այդ սուտը ճիշտն է և ինչքան շատ ասեն, այնքան մարդկանց ուղեղներում այն կտպավորվի»:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նման գործելաոճը հակոտնյա է խորհրդարանական երկրին, իսկ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի և բոլոր նրանք, ովքեր սպասարկում են օտարի, թշնամու օրակարգը պատասխան կտան:
Հարակից հրապարակումներ`
- Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել. Աղվան Վարդանյանը՝ Սերգեյ Բագրատյանին
- ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
- Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա