ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 107 պատգամավորից ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, իսկ 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ըստ Բաբայանի՝ քվեատուփը բացելուց հետո պարզվել է, որ Իշխան Սաղաթելյանին կողմ են քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը:
«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ որոշումը ուժի մեջ է և կրկին առաջադրելու են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ վերահաստատում է իր նախորդ երկու ելույթները և ավելացնելու բան չունի:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փորձեց ԱԺ փոխխոսնակի չընտրվելը կապել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի բացակայությամբ, քանի որ Սաղաթելյանին չէր բավարարել միայն մեկ ձայն:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ պատգամավորի բացակայության մասին իշխող ուժը գիտեր, քանի որ մինչ քվեարկությունը հայտարարվել էր, որ նա գտնվում է ՀՀ-ից դուրս: