ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ։ Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։
Հիշեցնենք, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։
ԱԺ-ից տեղեկացնում են, որ իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։
Ընդգծենք, որ վկայակոչվող իրավական ակտի հավելվածի 2.8 կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնեց արձակուրդ, իսկ Ալեն Սիմոնյանին հանձնարարվեց այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։
Նշենք, որ Panorama.am-ի լուսանկարիչը ԱԺ-ի Բաղրամանյան, Դեմիրճյան փողոցներում գտնվող անցագրային կետերից որևէ մեկում չի լուսանկարել։
Շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։
Լուսանկարներից մի քանիսն էլ արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, որտեղ պահպանության ծառայության աշխատակիցները, որ դեմքը թաքցնելու խնդիր ունեն փաստորեն, ուղիղ ու բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։
Փաստորեն ԱԺ-ն վերածել են կողք կողքի շարված անցագրային կետերի, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող ոչ ձայնագրել, ոչ տեսագրել, ոչ էլ լուսանկարել։ Այդ դեպքում լավ կլիներ, որ խորհրդարանի տարածքում փակցվեին իրազեկող ցուցանակներ հսկիչ անցագրային կետերի թվի, տեղի, ինչու չէ նաև նորաստեղծ սահմանափակումների մասին։
Panorama.am-ը նաև գրավոր հարցեր կուղղի ԱԺ՝ հասկանալու, թե ութերորդ գումարման ԱԺ-ում քանի հսկիչ անցագրային կետ է գործում, յուրաքաչյուր օր պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ծառայությունն իրականացնում ԱԺ-ում, ի՞նչ են հայտնաբերել անցած օրերին օրենսդիր մարմնի անդամների մոտ։
Panorama.am-ը լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու փաստի վրա հրավիրում է այն լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը, որոնք իրապես մտահոգված են Հայաստանում խոսքի ազատությամբ, լրագրողների մասնագիտական գործունեության, տեղաշարժի սահմանափակումներով։
Ի դեպ, Ազգային Ժողովի գործունեության լուսաբանման համար մշտապես մեծ թվով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ են աշխատել խորհրդարանի շենքում, նաև ուղիղ եթերներ են ապահովել ԱԺ միջանցքերից, բակից։ Եթե կա վտանգ, որ պահպանության ծառայության աշխատակիցների դեմքերը կարող են երևալ, գուցե նրանք դիմակներ հագնեն, հատկապես, երբ փակ տարածքներում դեռ գործում է դիմակ կրելու պարտադիր պայմանը։
Հետաքրքիր է նաև, որ պահնորդային ծառայողները ԱԺ-ում դաշտային՝ կամուֆլյաժ հագուստներով են։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան