Շատ կոնկրետ հարց եմ տալիս՝ ինչու 2020թ. սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը եթեր չգնաց. Իշխան Սաղաթելյան
«Չի կարող իշխանության կողմից ձևավորվի հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը»,-ԱԺ ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխող խմբակցության հնարավոր նախաձեռնությանը վերաբերող հարցը:
Նրա խոսքով՝ իշխանության կամքով ու պատկերացումներով ձևավորվելիք հանձնաժողովի գործունեությունն ընդդիմությունը ի սկզբանե կգնահատի ոչ արդյունավետ:
Ըստ Սաղաթելյանի, հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որ իրականացնի համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն, հակառակ պարագայում դա կլինի հերթական ձևական քայլը:
«Մենք լիարժեք պատկերացումը դեռ չունենք, թե իրենք ինչ մոտեցում ունեն և երբ կգա դրա ժամանակը, կխոսենք: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այդ հանձնաժողովի ստեղծման գաղափարը մենք հնչեցրել ենք վաղուց, դրա անհրաժեշտությունը կա»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հանձնաժողովը պետք է տա ոչ միայն պատերազմի շրջանում, այլ նաև դրանից առաջ տեղի ունեցած գործընթացների պարզաբանումները:
Նա հայտնեց, որ ընդդիմությունը կարևորում է հարցերը, թե ի՞նչ կարող էր անել իշխանությունը պատերազմը կանխելու համար, որ չի կանխել, արդյո՞ք կանխատեսում էին պատերազմ, թե ոչ և եթե կանխատեսում էին, ինչո՞ւ չէին պատրաստվում:
«Ես որքան գիտեմ, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցի էր, որը հետո եթեր չգնաց: Արդյոք ինքն այդ օրը գիտեր, որ 2 օր հետո լինելու է պատերազմ: Շատ կոնկրետ հարց եմ տալիս՝ ինչու այդ հարցազրույցը եթեր չգնաց: Այս պատերազմի մեղավորը և պատասխանատուն մենք համարում ենք այսօրվա իշխանությանը»,- նշեց պատգամավորը :
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
- Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը.Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին