Չէի ցանկանա, որ ԱԺ-ն կրկեսի վերածվեր. Իշխան Սաղաթելյանը՝ իրեն երկրորդ անգամ փոխխոսնակ չընտրելու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ երկրորդ քվեարկության արդյունքներով էլ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ և առաջարկեց անցնել այլ հարցերի քննարկման՝ առկախելով այդ քվեարկությունը մինչև վաղը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 137 հոդվածի 9-րդ մասը ԱԺ փոխխոսնակի ընտրության փորձերի քանակ չի նախատեսում և նույն օրենքով էլ սահմանված է ԱԺ ինստիտուտների ձևավորման հերթականությունը, որը չպետք է խախտվի:
«Եթե վճռականորեն տրամադրված ենք, որ այս հարցը լուծենք նոր անցնենք առաջ, ապա ճիշտ է որ այն լուծվի հիմա»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ վճռականություն ունեն ԱԺ փոխխոսնակ ընտրել, իսկ իր առաջարկը բխում է ԱԺ կանոնակարգ օրենքի այն հոդվածից, որ բնականոն ընթացքը պետք է ապոհովվի:
«Փաստորեն մենք ունենք խորհրդարանական ճգնաժամ, որի լուծումը ես տեսնում եմ հաջորդ հարցի քննարկմանն անցնելու մեջ, որպեսզի մենք բոլորս ժամանակ ունենանք, թեկուզ վաղը առավոտ վերադառնանք այդ հարցի քննարկմանը և մենք ցանկանում ենք մի փոքր ժամանակ շահենք»,-հայտարարեց ԱԺ նախագահը:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ արեց այդ քվերակության վրա չկանգնել:
«Դրա համար, իսկապես, դուք քարը ձեր փեշից թափեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մենք չունենք համապատասխան ձայներ, մերը սահմանափակ է, դուք ձեր ձայներն ավելացրեք այնքան և կոչ անենք, որ նրանք, ովքեր անվավեր են դարձնում քվեաթերթիկները, նման ձևով չխափանեն քվեարկությունը, քանի որ շատ տարօրինակ ձևով անվավերների թիվը որ գումարում ենք, ուղիղ 54 է կանգնում»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ եթե իշխող խմբակցությունից կարծում են, որ իրեն չընտրելով ընդդիմությունը կարող է գնալ ինչ-որ սակարկումների կամ պայմանավորվածությունների, ապա այդպես չի լինելու և ԱԺ մեծամասնությանը կոչ արեց շարունակեք չքվեարկել:
Սաղաթելյանը նշեց, որ չէր ցանկանա ԱԺ-ն կրկեսի վերածվի, բայց այդ սցենարն իր համար արդեն ակնհայտ է: Վերջինս անընդունելի համարեց նաև ՔՊ պատգամավորների առաջարկը, որ ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը և իրենք ինքնուրույն կընտրեն Իշխան Սաղաթելյանին: