Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Ասպարեզում մնացած մեր երկու տղաները ցանկանում են հարստացնել մեր թիմի հաշվին գրանցված մեդալների քանակը: Ասենք, որ այդ գործն արդեն արել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Նա արդեն կիսաեզրափակիչում է և իր համար ապահովել է բրոնզե մեդալ:
Վաղը՝ օգոստոսի վեցին, ժամը 9. 30 –ին, գյումրեցի մարզիկը եզրափակիչ մտնելու համար կմրցի ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ: Նախորդ բոլոր երեք մրցակիցների նման, ամերիկացին նույնպես «ամուր ընկույզ» է: Փույթ չէ, քանզի անվեհեր գյումրեցին բազում հաղթանակներ է տոնել «անպարտելիների» նկատմամբ:
Չկասկածենք մեր վարպետի հաջողությանը:
Դարձյալ վաղը, օլիմպիական մրցագորգի վրա, իր նորամուտը կանի մեր վերջին ՝ 17-րդ մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, շնորհաշատ Վազգեն Թևանյանը (65 կգ): Նրա մրցակիցը հեղինակավոր Հաջիմուրադ Ռաշիդովն է: Նա ներկայացնում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, բազում տիտղոսներ ունի և աշխարհի գործող չեմպիոնն է :
Ճանաչելով փոքրվեդեցի ըմբիշին, ասենք , որ նրան հաճույք է պատճառում անվանի մրցակիցներ ունենալը: Նման պարագայում բազմապատկվում է հայորդու հաղթանակի տենչը, մարտունակությունը, դիմացկունությունը և գոտեմարտի առաջինից մինչև վերջին վայրկյանը մարտնչող մարզիկն իրենը կանի և կուրախացնի հայ մարզասերներին:
Զինվենք համբերությամբ և հետևենք օգոստոսի վեցին, առավոտյան 6. 30-ին նշանակված ազատ ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի ընթացքին»,- նշում է ՀԱՕԿ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկներն այս գիշեր կվերադառնան
- Տոկիոյում վրաստանաբնակ հայազգի մարզիկը հեռացվել է մրցումներից
- Սիմոն Մարտիրոսյան՝ Դադիվանքից Տոկիո
- Արթուր Ալեքսանյանը Տոկիոյից Հայաստան կվերադառնա արծաթե մեդալով
- Այսօր Հայաստանի վեց մարզիկներ քննություն են բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում