Եթե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժվի, ապա Վանեցյանը հիմնավոր կասկածներ կունենա
«Անցած օրերի ընթացքում Ազգային Ժողովում եղել են բազմաթիվ ելույթներ, հարցեր, պատասխաններ, սուր բանավեճեր, որոնց մասնակցելը շատ գայթակղիչ էր, սակայն ես՝ որպես նորընտիր պատգամավոր իմ առաջին ելույթը ցանկացա ունենալ իմ համար և կարծում եմ, ողջ հայ ժողովրդի համար շատ կարևոր մեր սիրելի, մեր հարազատ, բայց ցավոք սրտի, այս պահին վերքերի մեջ արնաքամ լինող Արցախի մասին»,-ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառանալով «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկին՝ Վանեցյանն ասաց, այն շատ է քննարկվել, քաղաքացիների ճնշող մասի կարծիքը դրական է։
«44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում ստեղծված օրհասական վիճակը պարզապես թելադրում է մեզ ունենալ հայկական երկրորդ պետության խնդիրներով զբաղվող, մշտապես գործող խորհրդարանական միավոր։ Արցախկի հետ կապված հարցերը՝ այդ թվում բանակցային, նաև դրանց սրությունը կտրուկ ավելացել են»,-Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծելու նախաձեռնությունն այսպես հիմնավորեց Արթուր Վանեցյանը, որ «Հայրենիք» կուսակցության նախագահն է ու ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա նշեց, որ այդ հարցերն ընդգրկում են արտաքին քաղաքական ու անվտանգային բաղադրիչները, բայց միաժամանակ ներառում են հոգևոր, մշակությաին, սոցիալական, կրթական ու բազում այլ հարցեր։
«Նման հանձնաժողովի ստեղծումը միայն բովանդակային, գործառույթային նշանակության հարց չէ, սա նաև հստակ քաղաքական ուղերձ է իր ապագայով մտահոգ արցախահայությանը, թե սրտացավ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, թե Ադրբեջանին ու Թուրքիային, թե միջազգային հանրությանը։ Ուղերձ այն մասին, որ հայկական առաջին պետությունն Արցախի մասին չի մոռացել, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերն Արցախից չի լվացել, չի հրաժարվել ու չի հրաժարվում Արցախի խնդիրներով զբաղվելուց»,-ասաց նա։
Անդրադառալով այն մեկնաբանություններին, թե Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլոր հանձնաժողովները զբաղվում են այդ խնդիրներով՝ Վանեցյանը հիշեցրեց, որ ժամանակին խորհրդարանում եղել է նման հանձնաժողով, ԳԽ կազմում գործում էր ժամանակավոր կարգավիճակ ունեցող հանձնաժողով, որ զբաղվում էր Արցախի հարցերով։
«Ավաղ, Արցախի երրորդ պատերազմից հետո մենք կրկին հայտնվել ենք մի իրավիճակում, երբ կարիքը նման քաղաքական ուղերձի, ԱԺ կողմից տքնաջան աշխատանքի, ակնհայտ է»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց, եթե այնուամենայնիվ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժվի, ապա իրենք կարող են հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը, Հայաստանում այսօր իշխանություն կազմողները փորձում են կամ հետևողականորեն հրաժարվում են Արցախից, լքում են Արցախը։
«Մենք դա չենք կարող թույլ տալ։ Ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի քաղաքական մեծամասնության կողմից։ Արցախը կա և մնում է հայկական, Արցախի հարցերով մենք բոլորս պարտավոր ենք զբաղվել օր ու գիշեր»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Ով դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների լուծումը
- Սաղաթելյան. Արցախի հարցը ազգային ու քաղաքական է, ոչ թե սոցիալական հանձնաժողովի մակարդակի
- Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին