Արցախի հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է սփյուռքին, որ Արցախը պետք է վերադառնա համահայկական թիվ մեկ խնդրի կարգավիճակի. Գեղամ Մանուկյան
«Ռոբերտ Քոչարյանը «Շուշա» է ասել, լավ է արել: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Դուշմանը, Ասկոլկեն, շատ-շատերը Շուշին ազատագրել են, ոչ թե ճառեր ասելով Շուշին թուրքին են տվել»,-այսօր խորհրդարնում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին և հիշեցրեց, որ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը և իշխող խմբակցության այլ պատգամավորներ նույնպես այդ բառն են օգտագործել՝ չունենալով որևէ ներդրում Արցախի համար:
Անդրադառնալով Արցախի հարցող մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկին՝ պատգամավորը հիշեցրեց, որ 1990 թվականին ընտրված Գերագույն խորհրդում կար Արցախի հարցով հատուկ հանձնաժողով:
«Այն ժամանակ Արցախը չուներ ցամաքային կապ Հայաստանի հետ, հիմա կիսատ-պռատ ունի ռուսների լայաղով կարող ենք գնալ-գալ»,- ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հիշեցրեց, որ Գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահը ՀՅԴ անդամ Սեյրան Բաղդասարյանն էր, իսկ քարտուղարը Սուրեն Զոլյանը՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորը գտնում է, որ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը ուղերձ է արցախահայությանը, որ խորհրդարանական մակարդակով առանձնահատուկ վերաբերմունք կա իրենց հանդեպ:
«Սա ուղերձ է նաև Սփյուռքին, որն ուղղակի թևաթափ է եղել այն հանցավոր գողության պատճառով, որը տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամում: Ուղերձ է Սփյուռքին, որ Արցախը պետք է վերադառնա համահայկական թիվ մեկ խնդիր կարգավիճակին: Ուղերձ է նաև միջազգային հանրությանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը իր խոսքում անդրադարձավ նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հայտարարությանը, որում նշել էր, որ Տավուշի մարզում կան հողեր, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են և կան ադրբեջանական հողեր, որոնք հայկական վերահսկողության տակ և չի բացառվում, որ դրանք փոխանակվեն:
«Այս հայտարարությունը Հայաստանի սուվերեն տարածքից, Տավուշից ադրբեջանցուն, թուրքին հող տալը պետական դավաճանություն է, թե ոչ: Տավուշցիներ, ձեր գյուղի կողքից թուրքին հող տալը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ չէ»,-հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը և պնդեց, որ Հայաստանից թուրքին հող տալ ժողովուրդը թույլ չի տա:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հիմքն ու արմատն Արցախն է, այսօր այն ուզում են չորացնեն և կտրեն. Արթուր Խաչատրյան
- Թ.Թովմասյանը Ա. Սիմոնյանին բան է բացատրում
- Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին սպառնաց անվտանգության աշխատակիցներով
- Եթե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժվի, ապա Վանեցյանը հիմնավոր կասկածներ կունենա