ԱԺ-ում դեռ չեն վերանայել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը
ԱԺ աշխատակազմում երեկ չեն քննարկել Panorama.am-ի լրագրող Լիլիան Գալստյանի խորհրդարան մուտք գործելու արգելքը վերանայելու հարցը։ Այս մասին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը, որ ստորագրել էր Panorama.am-ի խմբագրության էլեկտրոնային փոստին ուղարկված որոշման ներքո։
Նա ասաց, չնայած ինքն է ստորագրել, բայց կոլեկտիվ որոշում է։
«Մենք դեռևս չենք անդրադարձել այդ հարցին ժամանակային սղության պատճառով։ Հարցը կքննարկվի»,-ասաց Աննա Գրիգորյանը՝ խնդրելով հնարավոր վերանայման արդյունքների մասին տեղեկանալու համար զանգահարել ավելի ուշ՝ աշխատանքային օրվա ավարտին։
Փաստորեն ԱԺ աշխատակազմում չեն հասցրել անդրադառնալ, քննարկել մի խնդիր, որը լայն արձագանքի, բազմաթիվ քննադատությունների էր արժանացել, մտահոգությունների տեղիք էր տվել։
Այդ արգելքի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ Panorama.am-ի լուսանկարիչը չի կարողանում մուտք գործել խորհրդարան, իրականացնել մասնագիտական գործունեությունն ու հանրությանն իրազեկել երկրի օրենսդիր մարմնում տեղի ունեցող անցուդարձի մասին։
Հիշեցնենք, որ ԱԺ այդ որոշումն անհապաղ վերացնելու կոչով ու պահանջով երեկ հանդես եկան լրագրողական կազմակերպությունները, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, որոշումը խնդրահարույց որակեց Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, այն կամայական ու խոսքի ազատության սահմանփակման դեմ ուղղված քայլ որակեցին մամուլի, տեղեկատվության ազատության հարցերով փորձագետները, քննադատեցին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ընթերցողներ, խնդիրը լուսաբանվեց բազմաթիվ լրատվամիջոցներում։
Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։ Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։
Հարակից հրապարակումներ`
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
- ՀԺՄ-ն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված ԱԺ գործողությունները
- Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
- Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան