Վարակի տարածման ամենագործուն միջոցը պատվաստումն է. Անահիտ Ավանեսյանի լեզվի սայթաքումը
«Օրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճ է գրանցում, նաև ավելացվել է թեստավորման թիվը»,-կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի համավարակի վիճակը Հայաստանում:
Նա հորդորեց ուշադրությունը սևեռել փակ տարածքներում կանոների ռեժիմի պահպանմանը, քանի որ առաջիկայում սպասվում է ուսումնական նոր տարվա մեկնարկը և ամեն բան պետք է արվի կանոները պահպանելով հնարավորինս վարակի աճը զսպելու համար:
«Վարակի տարածման ամենագործուն միջոցը դա պատվաստումն է»,-լեզվի սայթաքմամբ հայտարարեց Անահիտ Ավանեսյանը և տեղեկացրեց, որ մինչ օրս հանրապետությունում կատարվել է 190036 պատվաստում, իսկ նախորդ օրը՝ 6188 պատվաստում:
Նախարարի խոսքով՝ նախորդ շաբաթ վարակի 30 ուսումնասիրած դեպքերից 25-ը եղել է դելտա և 5-ը բրիտանական շտամի հետևանք:
Ավանեսյանը հայտնեց, որ հանրապետությունում հոսպիտալացման դժվարություններ էլ են արձանագրվում, հետևաբար քաղաքացիներին հորդորում է օր առաջ պատվաստվել:
Զեկուցելով դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը՝ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը դրանով Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի:
Նախարարը նշեց, որ այդ գումարն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձև աճը:
Շեշտելով, որ հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է համակարգն անընդհատ արդիականացնել, Նախարարն ասաց. «Մենք, կորոնավիրուսային համավարակը դիտարկելով մարտահրավեր, նաև դիտարկել ենք առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու և պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, պատրաստ լինելու մեր այլ մարտահրավերներին դիմակայելու»:
Առողջապահության նախարարը նշեց, որ դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու մարզային կենտրոնների՝ Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում և վերազինում, ինչպես նաև Վանաձորի բժշկական կենտրոնին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում և համալրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին