Կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաև թաքնված լինել լրագրողի կերպարի տակ. Կարեն Անդրեասյան
«Լիլիան Գալստյանին անձամբ եմ ճանաչում, շատ ցավում եմ իր հետ կապված միջադեպով», - այսօր կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով Panorama.am կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի ԱԺ շենք մուտքը արգելելու դեպքին։
Նրա խոսքով՝ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում։
Արդարադատության նախարարը հայտնեց, որ ազգային, պետական անվտանգության դեպքում աշխարհի ամենաքաղաքակիրթ պետություններում էլ լինում են սահմանափակումներ:
«Նաև հիշելով, թե ով էր Նաիրի Հունանյանը, որը լինելով լրագրող կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, ապա մենք պետք է այն հարգենք»,-կարծիք հայտնեց արդարադատության նորանշանակ նախարարը:
Ըստ Անդրեասյանի՝ աահմանափակումները պետք է արվեն, բայց դրանք չպետք է խանգարեն լրագրողների ողջամիտ աշխատանքին:
«Ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաև թաքնված լինել լրագրողի կերպարի տակ և նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, հետևաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ապավինենք անվտանգության մարմիններին»,-շեշտեց արդարադատության նախարարը, ինչին ի պատասխան լրագրողները վրդովմունք հայտնեցին որ չի կարելի իրենց համեմատել Նաիրի Հունանյանի հետ:
Պատասխանելով նախկին իշխանությունների կատարած քայլերին վերաբերող հարցին՝ Անդրեասյանը հավաստիացրեց, որ կարող է պատմել, թե իրավական և ոչ իրավական ուղղություններով ինչ են արել նախկինները, բայց չի ցանկանում խոսել անցյալի մասին և առաջարկեց կենտրոնանալ ապագայի վրա։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած վենդետաներ անելու կոչին՝ նախարարը շեշտեց, որ ժողովրդի պահանջն է, որ հանցագործները պատժվեն։
«Հանցագործների, բոլոր իրավախախտների հանդեպ խիստ վերաբերմունք և օրենքի պատասխանատու, պատժիչ արձագանք սպասվում է, դա խոստացվել է, դա ժողովրդի հենց պահանջն է, ես իմ կարողությունները ներդնելու եմ հենց հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարին»,-հայտնեց Անդրեասյանը։
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի մուրճ ճոճելը նախարարը բացատրեց քաղաքական բանավեճի մեջ այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի չափազանցություններ օգտագործելու հավանականությամբ։