Ավազակային հարձակում ՝ Իջևանում գործող վարկային կազմակերպությունում
ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից Իջևանի բաժին է հայտնել, որ Իջևանի Երևանյան փողոցում գործող վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Օգոստոսի լույս 4-ի գիշերվա այս դեպքի մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնել են վարկային կազմակերպություն։ Պարզվել է հետևյալը․ վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։ Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել էր ահազանգման ստնյակը, տղամարդն էլ փախել էր՝ պահանջած փողը չստանալով։ Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողները հանցագործության բացահայտման նպատակով ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու իրականացրին քննչական գործողություններ։ Բացահայտման միջոցառումներին միացել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։
Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվել են վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան էր, Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ։ Նա դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ 31-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել։ Բացի այդ, իրավապահներին ներկայացրել է ավազակության ժամանակ հագած տաբատն ու վերնաշապիկը՝ հայտնելով, որ ձեռնոցները, դիմակն ու խաղալիք նռնակը գցել է Աղստև գետը։
Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ, քննչական փորձարարություն, դատավարական այլ գործողություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
`