Eurowings-ը չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան
Օգոստոսի 6-ից Eurowings-ը կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ և Lufthansa ընկերության տարածած համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին և կժամանի 20:40-ին: Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, և Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով:
Չվերթերն ընդլայնում են «այցելել ընկերներին և հարազատներին» շրջանակը, որտեղ Lufthansa-ն արդեն բազմաթիվ ուղղություններ է առաջարկում, ինչպես օրինակ՝ դեպի Հունաստան, Խորվաթիա, Ալժիր, Թուրքիա, Լիբանան (Բեյրութ), Հյուսիսային Իրաք (Էրբիլ):
Վերջերս՝ հուլիսին, ծրագրին ավելացան նաև թռիչքներ դեպի Վրաստանի Թբիլիսի և Ռուսաստանի Եկատերինբուրգ ու Կրասնոդար քաղաքներ: Eurowings-ը շուկայի այս հատվածի առաջատարն է և աճող պահանջարկի շնորհիվ ավելի է ընդլայնում իր դիրքերը: Արդյունքում, ավելի շատ ճանապարհորդներ են շահում՝ օգտվելով իրենց հայրենի երկրների հետ անմիջական կապերից: Ընդհանուր առմամբ, Eurowings-ի երթուղային ցանցը Եվրոպայում ներառում է ավելի քան 100 ուղղություն: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և, որպես երկրի ամենամեծ մետրոպոլիս, որն ունի ավելի քան 1 միլիոն բնակիչ, նաև նրա գիտական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:
«Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան և առաջարկել կանոնավոր թռիչքներ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի և արդեն Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր` Lufthansa խմբի ներկայությունը Երևանում և, հետևաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:
Չվերթեր կարելի է ամրագրել Eurowings կայքի, հավելվածի կամ տուրիստական գործակալությունների միջոցով՝ սկսած 129,99 եվրոյից: Գները ներկայացված են միակողմանի ուղղության համար: