Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. ԱԺ նախագահ
Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ այսօր ընդունելով Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր երկրի շահերից:
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին Եվրամիության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող և լայնածավալ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո: Սակայն մտահոգիչ է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը, որը հանգեցնում է լարվածության աճի և շփման գծում նոր զոհերի:
ԱԺ նախագահը հավելել է. «Չլուծված հակամարտությունները չեն կարող արդարացնել մարդու հիմնարար ազատությունների և արժանապատվության ոչնչացումը: Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը զարտուղի ճանապարհներով»:
Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ զարմանալի չէ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի անդամակցության դադարեցման մասին որոշումը. դա վկայում է երկրում տիրող ավտորիտար ռեժիմի մասին:
Ռիշարդ Չարնեցկին ևս կարևորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում