Գերիների հարազատները շարունակում են խաղաղ ակցիան՝ կառավարության շենքի դիմաց
Ադրբեջանում ամիսներ շարունակ պահվող հայ ռազմագերիների հարազատները Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից հետո էլ կշարունակեն մնալ կառավարության շենքի դիմաց։ Փաշինյանի խոսնակին նրանք ասել են՝ ցանկանում են հանդիպել կառավարության ներկայացուցչի հետ՝ բարձրաձայնելու իրենց պահանջները։
Խաղաղ ակցիայի մասնակից քաղաքացիները նշում են՝ հստակ պատասխան են ակնկալում, թե երբ կվերադառնան թշնամի երկրում պահվող իրենց հարազատները։
«Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Աջակցեք հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձման գործընթացին», «Հրադադարի հայտարարության բոլոր դրույթները պետք է կատարվեն», «Ադրբեջանն առևանգել է Հայաստանի քաղաքացիներին ու ապօրինի կերպով չի վերադարձնում նրանց», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը ոտնահարում է Ժնևի կոնվենցիան». օտար լեզուներով այս ու այլ գրություններով ցուցանակներ բռնած հարազատներն ասում են՝ պատրաստ են պայքարի ամեն միջոցի։
Ի դեպ, մինչ ծնողներն արևի տակ հանգիստ նստած կառավարության շենքի մուտք տանող աստիճաններին՝ իրենց որդիների վերադարձն են պահանջում, գործադիր մարմնի շենքի դռան դիմաց ոստիկաններ են շարվել։
Նշենք, որ պատերազմի ավարտից ինն ամիս անց էլ Հայաստանի կառավարությունը գաղտնի է պահում պատերազմում զոհվածների, դրա ընթացքում անհետ կորածների, գերեվարվածների թիվ։ Այս պահին էլ պաշտոնական տեղեկատվություն չկա, թե քանի հայաստանցի է պահվում Ադրբեջանի բանտերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան