Սեյրան Օհանյանը հարցեր է տալիս «փայլուն» իշխանությանը
«Ինքնաքննադատության որևէ մի պահ չկա, մեղքի զգացումն ընդհանրապես բացակայում է որոշ մարդկանց մոտ, իսկ այս ամբիոնի մոտ ունեցած պահվածքը՝ խոսքն ընդհատելը, ժամանակավրեպ հակադարձելը, խոսում է քննարկումների մշակույթի բացակայության մասին»,-խորհրդարանական մեծամասնությանը դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը
Նկատելով, որ այս օրերին իշխանությունից լսվում են գնահատեականներ կովիդի դեմ պայքարում կատարած փայլուն աշխատանքի, կամ հանձնաժողովների՝ պատվով և ծանր գործունեության վերաբերյալ՝ Օհանյանն ասաց. ««Փայլուն» գնահատական գոյություն չունի, կա «անբավարար», «բավարար», «լավ» և «գերազանց», բայց քանի որ մեր իշխանությունը չափազանց երիտասարդ է, տալիս է նման գնահատական, իսկ ես, օրինակ, երբեք իմ աշխատանքը չեմ գնահատել լավ, մենք պետք է մտնենք անբավարարի և բավարարի շրջանակները»:
Պաշտպանության նախկին նախարարը հարցրեց, թե արդյո՞ք փայլուն էր իշխանության կատարած աշխատանքը, երբ երկարատևա բանակցային ռեսուրսը մսխվեց, Ադրբեջանին կանխագելիչ իրականության մեջ չդրվեց և նա սկսեց մարտական գործողություններ ծավալել ՀՀ-ի շուրջ:
«Արդյո՞ք փայլուն էր, որ մենք իջեցրեցինք մեր հարաբերությունների մակարդակը մեր ռազմավարական գործընկերների հետ, արդյո՞ք փայլուն էր պատերազմի ժամանակ պետական կառավարման ամբողջ համակարգի դերակատարությունը՝ թե կառավարությունը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, թե ԱԺ վերահսկողության և ամենկարևորը՝ Անվտանգության խորհրդի կողմից ճիշտ ռազմաքաղաքական եզրակացություններ տալու հարցում»,-իշխանություններին հարց ուղղեց Օհանյանը և պնդեց, որ դրանք փայլուն չեն և միայն կարող են ասել, որ փայլուն կերպով ռազմավարական դիրքերը, համապատասխան կետերը փայլեցրեցին և տվեցին ադրբեջանցիներին:
Նա հայտնեց, որ այսօրվա իշխանությունը պետք է կրեն պատասխանատվությունը և գոնե մեկ բառով, օրինակ, խոսեն այն մասին, թե ինչու մինչ օրս միջազգային հարթակներում և մեր միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանն իր հանցագործությունների համար չի արժանանում համապատասխան գնահատականի:
«Այս իշխանությունների օրոք է, որ բանակի բարեփոխումների շրջանակներում խաթարվել է այնպիսի կարևոր սկզբունքը, ինչպիսին պաշտպանության նախարարության և ԳՇ-ի միջև եղած հարաբերություններն են»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ իրավիճակի մեղավորն այն անձն է, որը ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացրել է, չափից արագ երիտասարդացրել ՊՆ ղեկավար կազմը:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ գործող իշխանությունների ժամանակ է Զինված ուժերի կենտրոնական ապարատն ուճացվել, իսկ մոբիլիզացիոն ռեսուրսների մասով ընդհանուր գնահատական չի տրվել:
«Դուք եք պաշտոնի նշանակել՝ շրջանցելով միջանցիկ պաշտոնները, պատերազմի ժամանակ կոչումներ տվել և այլն: Մենք մեր ռազմահայրենասիրությունը իջեցրել ենք շատ ցածր մակարդակի՝1.5 տարվա ծառայելու առաջարկություն անելով»,-նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը և հավելեց. «Գաղտինիության մասին ենք խոսում, բայց, պարոն Քոչարյան, ձեր մտերիմ անձնավորություններն են, որ այս ժամանակահատվածում ԶԼՄ-ներով նույնիսկ քարտեզի վրա օպերացիաներ են ցույց տալիս և վերլուծում»:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծառայել երևանամերձ զորամասում, երբ օրենքով պետք է իր բնակության վայրից150 կմ հեռու անցկացներ ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ունեցե՞լ եք երաշխիք, որ ապրիլյան հանձնաժողովի անդամներից հույժ գաղտնի տեղեկության արտահոսք տեղի չի ունենալու.Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Ձեր տված տվյալներով 44-օրյա պատերազմում զոհվածները 3499 էին, հուղարկավորվածները՝ 3588. Գեղամ Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
- Նալբանդյան փողոցի այդ հատվածով նույնիսկ քայլած չկամ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԱԾ-ի հետ իր համագործակցության մասին
- Նշեք Հայաստանի այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
- Վահե Հակոբյանը և Վլադիմիր Վարդանյանն առաջադրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում
- Այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է. Տիգրան Աբրահամյան