Վահե Հովհաննիսյան. Հայաստան, երկիր արոտավայր
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փոձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հապարակում ենք ամբողջությամբ.
«Սա «Հրազդան» մարզադաշտի այսօրվա վիճակն է։ Ձորափով անցնելիս պատահաբար հայտնաբերեցի այս հուսահատ տեսարանը. Լքված, դատարկ, անհեռանկար։ Խոտածածկի փոխարեն թփեր ու ամբողջական ծառեր են աճում։ Թվում է, թե տեր ունի, բայց անտեր է։
Շքեղ, հսկայական մարզադաշտի փառահեռ պատմությունն ու այսօրվա խղճուկ վիճակը շատ նման են այսօրվա Հայաստանին։
Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ փլուզվեց, ինչո՞ւ չգնահատեցինք ունեցածը, ինչո՞ւ չպահեցինք ամենաթանկ բաները, ինչու՞ ենք այդքան անտարբեր կորստի հանդեպ։
Ինչո՞ւ Հրազդանը կամայական որոշմամբ պետք էր տրվեր մեկին։ Ինչո՞ւ 10-15 տարի պետք է որպես պետություն ու որպես հասարակություն անտարբեր նայեինք, թե ինչպես է ոչնչացվում մարզադաշտը։
«Հրազդանը» մի քանի սերունդների աննկարագրելի էմոցիաների, մի քանի սերունդների, մեր պատմության թանգարանն է, մեր փառահեղ հաղթանակների, ցավալի պարտությունների, հայկականության սիմվոլը։ Մենք դա գնահատեցի՞նք։ Մենք ընդվզեցի՞նք, երբ մեր աչքի առաջ այն փլուզվում էր։ Եթե մենք չկարողացանք պահել «Հրազդան» մարզադաշտը, մենք ինչպե՞ս պետք է կարողանայինք պահել Շուշին։ Սրանք ուղիղ իրար հետ կապված հարցեր են։
Տեսարանը ձորով դեպի մարզադաշտ՝ շքեղ է։ Աշխարհում քիչ քաղաքներ իրենց կենտրոնում ունեն նման տեսարան։ Ով ունի՝ դողում է դրա վրա, դարձնում հպարտության առարկա։ Ի՞նչ ենք արել մենք ձորի հետ՝ խորովածանոցներ, քյաբաբնոցներ, աղբ, 25 տարի թուրքական երաժշտության ոռնոց։
Մենք չենք հարգում ո´չ մեր հիշողությունը, ո´չ մեր սերունդներին, ո´չ մեր ծնողների պատմությունը, ո´չ մեր քաղաքը, ոչ՝ մեզ։ Եթե հարգեինք՝ թույլ չէինք տա «Հրազդանի» վերածումը արոտավայրի։
Եթե հարգեինք, Հայաստանն այս վիճակում չէր լինի ու ինչ-որ պահի հնարավոր կլիներ կասեցնել փլուզումը։ Մենք գիշատիչի պես անտարբեր ենք մենք մեր քաղաքի, մեր երկրի, Շուշիի, մեր տղերքի, մեր արժանապատվության հանդեպ։
Այս օրերին աշխատում եմ «Ինչու փլուզվեց իմ երկիրը» գրքի վրա։ «Հրազդանի» տեսարանից հետո իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլորս գիտենք հարցի պատասխանը, ուղղակի չենք ասում։
Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, «Հրազդանում» վերջին կարևոր խաղը Հայաստան-Թուրքիան էր՝ նախագահներ Ս. Սարգսյանի և Գյուլի մասնակցությամբ։
Կար ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարը Երևանում ֆուտբոլ էր նայում։ Եվ կա ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարը մեզ վրա բայրաքթարներ է ուղարկում։
«Հրազդան» մարզադաշտի այս վիճակը ստիպում է հարցերին նայել այլ տեսանկյունններից. 30 տարի չարչրկված, 30 տարի մաշեցրած տեսանկյունները անիմաստ են։ Անիմաստ է խնդիր դնել՝ ամեն օր իշխանությանն ասել, որ դու վատն ես կամ շատ վատը։
Անիմաստ է մեղադրել այն իշխանությանը, որը չես կարողանում փոխել՝ այսքանից հետո։
Անիմաստ է պայքարել մի քանի անկլավի համար, երբ քո հասարակությունն ինքն այսօր իր էությամբ մի մեծ անկլավ է, որը չունի ուղիղ կապ ո´չ 21-րդ դարի, ոչ էլ իր անցյալի հետ։
Չի մտնում ուղեղդ, թե Շուշի, Հադրութ, Դադիվանք կորցնելուց, մի ամբողջ սերունդ կործանելուց հետո ո՞նց է հնարավոր, որ քո երկրում քեֆն ու սալյուտը մի օր չընդհատվի։ Սա ավելի վտանգավոր խնդիր է, քան՝ ստորագրվելիք ցանկացած որակի փաստաթուղթ ու պայմանագիր։
Հարցադրումները և տեսանկյունները պետք է փոխվեն։
Մենք չհասկացանք, թե ինչպիսի պետություն պետք է կառուցենք, երբ Շուշին ու Հադրութը մերն էին, հիմա պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք կառուցելու, երբ Շուշին ու Հադրութն այլևս մերը չեն։
Ո՞րն է այս երկրի ապագան, ո՞րն է ռեսուրսը՝ ավելի լավ երկիր կառուցելու։ Ի՞նչը պետք է փոխենք մեր մեջ, ի՞նչը պետք է մերժենք մեր մեջ, որ ունակ լինենք լուրջ պետության։
Եթե այս հարցերի պատասխանը մենք չգտնենք, ապա ամբողջ Հայաստանին է սպասում «Հրազդան» մարզադաշտի ճակատագիր»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Ելքը փակուղուց
- Վահե Հովհաննիսյան. Մուղամը՝ ՀՀ նոր օրհներգ
- Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Բաց նամակ անծանոթ կարմիրբերետավորին
- Վահե Հովհաննիսյան. Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել