Պատերազմը սովորեցրեց գնահատել կյանքն ու մեզ տրված հնարավորությունները. Ապագա վիրաբույժ
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժության 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Անդրանիկ Խաչատրյանը պատերազմի օրերին կամավորագրվել է և, համալրելով սպիտակ բանակի շարքը, բուժօգնություն է ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով վիրաբույժի հետ հարցազրույցը։
«Նախկինում երբեք չէի աշխատել շտապօգնությունում, բայց պետք էր անել առավելագույնը նրանց համար, ովքեր ունեին մեր կարիքը։ Կար մեկ նպատակ. տղաներին հասցնել Հայաստանի բուժհաստատություններ՝ ինչ գնով էլ ուզում էր լիներ։ Մինչև նոյեմբերի 11-ը, գրեթե ամեն օր, Արցախի տարբեր հոսպիտալներից ու հիվանդանոցներից Հայաստանի տարբեր կլինիկաներ ենք տեղափոխել ծանրության տարբեր աստիճանի վիրավորների։ Պատերազմի օրերին այն կլինիկան, որտեղ ես աշխատում էի վերապրոֆիլավորվել և դարձել էր հոսպիտալ: Առաջին իսկ օրերից մեզ մոտ են տեղափոխվել բազմաթիվ վիրավորներ։ Կլինիկայում զբաղվում էի վիրավորներով, նրանց բուժմամբ։ Բաժանմունքի բոլոր հերթապահություններն այդ օրերին անցնում էին շատ ծանր»,-նշում է կլինիկական օրդինատորը։
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ ավելի է արժևորվում ապրած ամեն պահը, ստացած գիտելիքները, մեծանում է պատասխանատվությունը. «Հանդիպում էինք այնպիսի պաթոլոգիաների, վիրավորումների, որոնք մինչ այդ չէինք էլ տեսել, ու նման ծավալների մեջ շատ կարևոր է ճիշտ ու արագ կողմնորոշվելը: Պատերազմը սովորեցրեց մեզ լինել ավելի զգոն, հոգեպես ամուր, գնահատել կյանքն ու մեզ տրված հնարավորությունները, ավելի սիրել հայրենիքն ու դառնալ օգտակար նրանց համար, որոնք ունեն մեր կարիքը»։
Բժշկության հանդեպ սերն Անդրանիկի մոտ առաջացել է դեռ մանկուց, որոշման կայացման հարցում մեծ դեր են ունեցել ծնողները։
«Ընտանիքում, ազգականներիս շրջանում շատ են բուժաշխատողները: Մանկուց տեսնելով նրանց սերը, նվիրվածությունը մարդկանց, բժշկի մասնագիտության հանդեպ ինքս էլ ընտրեցի այս ուղին»,-նշում է ապագա վիրաբույժը՝ հավելելով, որ բժիշկը պետք է սիրի մարդկանց, նվիրվի բժշկությանն ու պատրաստ լինի մոռանալ սեփական անձը՝ հանուն մեկ այլ կյանքի։
Անդրանիկ Խաչատրյանն ազատ ժամանակը սիրում է տրամադրել սպորտին, հատկապես ֆուտբոլին.
«Սիրում եմ ֆուտբոլ թե՛ խաղալ, թե՛ դիտել, շատ եմ սիրում մեր երկրի բնությունը, անտառները, սիրում եմ հանգստանալ բնության գրկում, ընտանիքի, ընկերների հետ»»,- ասված է հարցազրույցում։