Հայկ Մարության. Ավագանու անդամի նկատմամբ մահափորձ է եղել, նրա կյանքին վտանգ չի սպառնում
«Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը ենթարկվել է հարձակման, եղել է մահափորձ նրա նկատմամբ»,-Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Հայկ Մարությանը, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը։
Նա մանրամասնեց՝ բնակարան են ներխուժել դիմակավորված անձինք, ծեծի են ենթարկել ավագանու անդամին, 11 անգամ դանակով հարվածել են նրան։
«Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բուժաշպատողներին, որոնց անհապաղ գործողությունների արդյունքում մեր ընկերը ողջ և առողջ է»,-ասաց Մարությանը՝ ավելացնելով, որ Անտոնյանը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Երևանի քաղաքապետն ասաց՝ իրավապահ մարմիններից, դատական համակարգից ակնկալում է խստագույն պատիժ մեղավորների նկատմամբ։
«Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով և նպատակ է ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար, այնինչ ավագանու անդամն իր գործունեության ընթացքում առաջարկներն արել է ի շահ համայնքի»,-ասաց նա։
Մարությանը զգուշացրեց հարձակում գործած անձանց՝ ոչնչի չեն հասնելու, բացի այդ, հիշեց. «Ինչը չի սպանում մեզ, ուժեղացնում է»։
Նա առողջություն մաղթեց գործընկերոջն ու անցավ օրակարգի հարցերին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել այս օրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու անդամի սպանության փորձ կատարելոու մեջ մեղադրվողը կկալանավորվի
- Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանի 30-ամյա բնակիչ է հետախուզվում
- Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք